17:23 | 10.04.25 | Նորություններ | 882

    ԵՊՀ-ում կգործի Գերհամակարգչի կենտրոն

    Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ասել է, որ մայիսից ԵՊՀ-ում կմեկնարկի Գերհամակարգչի կենտրոնի ձեւավորումը:

    «Նոր գերհամակարգիչ է գնվել, որը Հայաստանում է արդեն եղել տարեվերջին: Հիմա մենք գտնվում ենք տեղադրման գործընթացում։ Տեղակայման վայրը ԵՊՀ-ն է։ Նոր Գերհամակարգիչը «Ինժեներական քաղաքում» տեղադրված գերհամակարգչի կրկնությունը չէ, այլ մենք ունենք սկզբունքորեն այլ գործառույթի հնարավորություններ ընձեռող սարքավորում, որը թույլ է տալու մի շարք ուղղություններով հիմնականում մեծ քանակությամբ հաշվարկներ անելու, այսինքն՝ մեծածավալ տվյալների հետ աշխատելու:

    Այդ հաշվարկները կարող են լինել բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր, տվյալների վերլուծություն, վիզուալիզացիա, առողջապահական կենսաբժշկական հետազոտությունների, ռոբոտատեխնիկայի ուղղությամբ աշխատանքների համար էլ կարող են օգտագործվել»,- կառավարության նիստի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարարը:

    Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ քանի որ այն ԵՊՀ-ում է տեղակայվելու, նաեւ կրթական ծրագրերում հնարավորություններ են ձեռք բերվելու։ Կենտրոնը նախատեսվում է գործարկել տարեվերջին։