Ապրիլի 1-ին Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ամփոփել է 2023-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ՀՀ 7 մարզում ԱԲ կրթության հայկական մոդելը փորձարկվող ծրագրի օլիմպիադաների շրջանը, որին մասնակցել է ավագ դպրոցների 456 աշակերտ (10-րդ եւ 11-րդ դասարանցի)։
Լրացնելով դեռեւս անցած տարի աշակերտներին հասանելի Python ծրագրավորման լեզվի եւ խորացված հանրահաշվի առարկայախումբը՝ մեքենայական ուսուցումը դարձել է երրորդ առարկան, որն ընթացիկ ուստարուց սկսած հասանելի է դարձել աշակերտներին ու դասավանդվում է ոլորտից հրավիրված ԱԲ մասնագետների ուղղորդմամբ։
Փետրվարին անցած երեք առարկայական օլիմպիադաների ընդհանրացված արդյունքների հիման վրա հաղթող են ճանաչվել Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի, Վանաձորի Էվրիկա հատուկ դպրոցի եւ Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի 6 աշակերտ, գրանցելով 99-ից մինչեւ 94.3 միավոր։ Առանձին առարկաներում 100 հնարավորից 90 եւ ավելի միավոր վաստակած եւս 25 աշակերտ արժանացել է խրախուսական մրցանակի։
Մրցանակաբաշխությունը կայացել է Zema տեխնոլոգիական ընկերությունում՝ պատանիների համար մասնագիտական կողմնորոշման բաղադրիչով։
«Օլիմպիադաների այս տարվա արդյունքները ցույց տվեցին, որ մեր աշակերտները հսկայական ներուժ ունեն արհեստական բանականության եւ մաթեմատիկայի ոլորտում մրցունակ մասնագետներ լինելու համար։ Այս պատանիներն արդեն իրականացնում են իրենց առաջին նախագծերը, ունեն մաթեմատիկայի, Python-ի եւ մեքենայական ուսուցման խորքային գիտելիք եւ մտածում են սեփական ԱԲ մոդելների մշակման մասին։ Վստահ եմ, որ ծրագրի ընդլայնումը ողջ Հայաստանում կնպաստի մեր երկրի մրցունակության բարձրացմանը»,- նշել է ծրագրի ղեկավար Անուշ Այվազյանը։
«ԱԲ սերունդ»-ը եռամյա ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ավագ դպրոցի աշակերտներին անվճար ուսումնասիրելու խորացված հանրահաշիվ, Python եւ մեքենայական եւ խորը ուսուցում, ինչպես նաեւ անցնել մասնագիտական կողմնորոշման եւ փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ։
Գալիք՝ 2025-2026 ուս․ տարում ծրագիրը հասանելի է դառնալու բոլոր մարզերում։ Այս պահին FAST-ը նախարարության հետ համատեղ դպրոցների ընդլայնված կազմի ընտրության փուլում է, սակայն նախագրանցումն արդեն բաց է 9-րդ դասարանն այս տարի ավարտող աշակերտների համար։