ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել է Yandex Armenia ընկերություն:
Ընկերությունը Հայաստանում ներկայացված է առաքման, օնլայն տաքսի ծառայությունների, գեոլոկացիայի, ժամանցի եւ կրթական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ՝ նպաստելով թվային միջավայրի զարգացմանը։
Նախարարը, Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանի ուղեկցությամբ, շրջել է ընկերության նորաբաց գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին ու ապագա նախաձեռնություններին։
Արամ Մխիթարյանը ներկայացրել է, որ նոր գրասենյակը նախատեսված է 450-ից ավելի բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետի համար՝ ներառյալ ծրագրավորողներ, դիզայներներ, մենեջերներ։ Ընկերությունը նաեւ ստեղծել է Yandex Hall հանրային տարածքը, որտեղ ոլորտի մասնագետները՝ Backend, Machine Learning, AI, Product եւ Project Management, People Management, NewBiz ուղղություններով, կկիսվեն իրենց փորձով։ Այս հանդիպումները հասանելի կլինեն բոլոր հետաքրքրված մասնագետների համար եւ կիրականացվեն անվճար։
Այցի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ հատկապես թվայնացման եւ արհեստական բանականության ոլորտներում։ Նախարար Հայրապետյանը կարեւորել է մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը, որը կնպաստի տեխնոլոգիական լուծումների արագ ներդրմանն ու արդյունավետ կիրառմանը։
Նշվել է նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել աշխատակազմը՝ ներգրավելով նոր մասնագետների, ինչը հնարավորություն կտա զարգացնելու ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը, խթանելու նորարարական մոտեցումների կիրարկումը եւ բարձրացնելու օգտատերերի համար ապահովվող տեխնոլոգիական լուծումների որակը։
Նախարարը նաեւ կարեւորել է տեխնոկրթության խթանման ուղղությամբ Yandex Armenia-ի ծրագրերը։ 2017 թվականից սկսած՝ ընկերությունը Գյումրիում եւ Վանաձորում իրականացնում է ծրագրավորման դպրոցներ բարձր դասարանների աշակերտների համար, ինչպես նաեւ համագործակցում է Armenian Code Academy-ի հետ՝ ինժեներական խորացված դասընթացների կազմակերպման նպատակով։ Բացի այդ, Հայ-ռուսական համալսարանում իրականացվում են տվյալագիտության դասընթացներ, իսկ Երեւանի պետական համալսարանում՝ գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացներ։
Yandex Armenia-ն արդեն ութ տարի է, ինչ գործում է Հայաստանում։