17:38 | 25.03.25 | Նորություններ | 356
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է Grid Dynamics ընկերության Ինժեներական եւ ռազմավարական ավագ փոխնախագահ (ԱՄՆ) Վադիմ Կոզիրկովին, Առաքման կառավարման գծով ավագ տնօրեն Դմիտրի Կորսունին եւ ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Միհրան Մինասյանին:
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերն ու միջոցառումները, անդրադարձել է ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրի փաթեթին, որով պետական աջակցության նոր գործիքակազմ եւ հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Այդ համատեքստում, նախարարը բարձր է գնահատել Grid Dynamics-ի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես, կարեւորել է ընկերության կողմից մարդկային ռեսուրսի մեջ ներդրումների ներգրավումը: Նա անդրադարձել է Հայաստանի մարզերում տնտեսության համաչափ զարգացման նպատակով ներդրումային հոսքերի ապահովման հնարավորություններին:
Վադիմ Կոզիրկովը ներկայացրել է ընկերության գործունեության արդյունքում Հայաստանում գրանցված հաջողությունները, անդրադարձել երկրի ներուժին, դրա արդյունավետ ու փոխշահավետ օգտագործման հնարավորություններին, ինչպես նաեւ Երեւանից դուրս մասնաճյուղ բացելու հեռանկարներին։
Ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել իր գործունեությունը՝ աշխատակազմը 350-ից հասցնելով 500-ի: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա անելիքների եւ քայլերի վերաբերյալ: