16:06 | 25.03.25 | Նորություններ | 373

    Հայաստանի ինտերնետ դիմակայության ինդեքսը բարելավվել է

    Հայաստանը շարունակաբար բարելավում է ինտերնետային դիմակայության ցուցանիշը՝ կայուն առաջընթաց գրանցելով ենթակառուցվածքների, անվտանգության եւ թվային հասանելիության ոլորտում։

    Այս մասին նշվում է  միջազգային «Ինտերնետ հանրություն» կազմակերպության՝ «Ինտերնետ դիմակայության ինդեքս - Պուլս» զեկույցում։

    Հայաստանի ինտերնետ դիմակայության ինդեքսը 2022-ից 2023-ի միջակայքում բարձրացել է 48%-ից մինչեւ 49%, տարածաշրջանում՝ արեւմտաասիական երկրների գոտում զբաղեցնելով 8-րդ, համաշխարհային սանդղակում՝ 71-րդ հորիզոնականը։

    Ինտերնետի ոլորտում առաջանցիկ տվյալներ արձանագրող Հայաստանն այս տարի մարտի 28-ին պատրաստվում է հյուրընկալել Համընդհանուր ընդունման օրվա (UADay2025) տարածաշրջանային համաժողովը։ Այն արդեն երրորդ անգամ կազմակերպում է հայաստանյան «Ինտերնետ հանրությունը» ՀԿ-ն։

    UADay2025-ն այս տարի եւս կհամախմբի միջազգային եւ հայաստանյան տեխնոլոգիական համայնքի առաջատար մասնագետների՝ քննարկելու բազմալեզու ինտերնետի կարեւորությունը եւ ներկայացնելու լուծումներ, որոնք կապահովեն բոլոր դոմենային անունների եւ էլ․ հասցեների ճանաչելիությունն ու գործարկումը՝ անկախ այբուբենից կամ ձեւաչափից։

    Միջազգային «Ինտերնետ հանրության»՝ «Ինտերնետային դիմակայության ինդեքս - Պուլս» զեկույցը, որը հետեւում է աշխարհում ինտերնետային ենթակառուցվածքների, կատարողական, անվտանգության եւ շուկայի հիմնական ցուցիչներին, արձանագրում է, որ արեւմտաասիական երկրների գոտում, ինտերնետային դիմակայության ընդհանուր ինդեքսը 47% է, 2022-ից 2023-ի միջակայքի համար աճը կազմել է 1%։ Սա ենթադրում է առցանց ծառայությունների շրջանակի ընդլայնում այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք ենք կրթությունը, առողջապահությունը եւ տնտեսություն։

    Հայաստանի վերաբերյալ նշված զեկույցն արձանագրում է, որ ինտերնետի դիմակայության ինդեքսի աճը շուկայում առողջ մրցակցության առկայության արդյունքն է, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել պահպանել ինտերնետի ցածր գինը, ընդլայնել 4G բջջային ինտերնետի ծածկույթը` այն հասցնելով բնակչության 100%-ին, եւ 2023-ից սկսած՝ բարելավել ֆիքսված ու շարժական լայնաշերտ ինտերնետի ներբեռնման արագությունը՝ համապատասխանաբար 25% եւ 50%-ով։

    Ասիական նույն գոտու այլ երկրներից Թուրքիան իր ցուցանիշով հասել է Իսրայելին, որն ինտերնետ դիմակայության ինդեքսով տարածաշրջանում շարունակում է պահպանել առաջատարի դիրքը՝ 58%, չնայած Իսրայելն այս ընթացքոմ կորցրել է  2%: 2019-ից ի վեր Թուրքիան եւ Իրաքը գրանցել են  ցուցանիշների աճ՝ համապատասխանաբար 8% եւ 10%։ Միեւնույն ժամանակ, Լիբանանը (46%>39%) եւ Բահրեյնը (59%>52%) անկում են արձանագրել 7-8%-ով:

    «Ինտերնետային դիմակայության ինդեքս - Պուլս» զեկույցը կազմվում է տարբեր գործոնների հիման վրա՝ ներառյալ ինտերնետային ենթակառուցվածքների զագրացման եւ անվտանգության նպատակով ներդրումները, երկրի կոդ հանդիսացող դոմենային տիրույթների՝ ccTLD-ների օգտագործման ծավալը, տեխնոլոգիաների եւ ինտերնետ կառավարման ոլորտի քաղաքականությունը, կառավարությունների, տեխնոլոգիական մատակարարների եւ տեղական համայնքների միջեւ համագործակցությունը: