17:44 | 24.03.25 | Նորություններ | 530

    Հայաստանում ամեն 3-րդ ՏՏ ընկերություն ստեղծում է իր պրոդուկտը

    Armenian Code Academy-ն (ACA), Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի եւ Step Consulting-ի հետ համատեղ, հրապարակել է ամենամյա «Տեխնոլոգիական շուկայի զեկույց 2025»-ը։

    Ըստ զեկույցի, 2024թ-ին Հայաստանում տեխնոլոգիական ընկերությունների թիվը կազմել է 1253, որոնցից 79%-ը տեղական ընկերություն է, իսկ 21%-ը՝ գլոբալ ընկերությունների մասնաճյուղ Հայաստանում։

    Ընկերությունների 65%-ը (715) ծառայություն է մատուցում, 35%-ը (538) մշակում է պրոդուկտ։

    Ոլորտում աշխատում է 58 700 մասնագետ, այս ցուցանիշը 2%-ով ավելի է 2023թ-ի համեմատ։

    «Հայաստանը գնալով ավելի գրավիչ վայր է դառնում տեխնոլոգիական ընկերությունների համար իր տաղանդի եւ համայնքի հզորության շնորհիվ: Այս զեկույցը ուսումնասիրում է, թե որտեղ ենք մենք այսօր, ինչ է փոխվում, ինչն է բարելավվում եւ ինչ մարտահրավերներ են մնացել»,- նշել է ACA-ի հիմնադիր Նարեկ Ասլիկյանը։

    Տեխնոլոգիական շուկայի հաշվետվությունը նախատեսված է որպես կենսական ռեսուրս՝ ծառայելու ստարտափների, ներդրողների, ոլորտի շահագրգիռ կողմերի եւ դեպի տեխնոլոգիական ոլորտ ձգտող մասնագետների համար: Հաշվետվությունը, հիմնվելով լայնածավալ տվյալների եւ փորձագիտական վերլուծությունների վրա, ընդգծում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի պոտենցիալը եւ աճի տեմպերը։

    «Թեեւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները պատմականորեն ամուր հիմքեր ունեն, այսօր նրանք դժվարանում են տեխնոլոգիական արդյունաբերության արագ փոփոխություններին զուգընթաց շարժվել: Շարունակական ուսուցումը պետք է առաջնահերթություն մնա Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերությունը համաշխարհային մակարդակում մրցունակ պահելու համար։ Կրթական նոր մոդելների ընդունումը եւ ճկուն մնալը արդյունաբերության տեղաշարժերի ժամանակ առանցքային կլինեն երկարաժամկետ հաջողություն ապահովելու համար»,- նշել է Տեխնոլոգիական Կրթություն Հիմնադրամի տնօրեն Լեւոն Թադեւոսյանը։

    «Տեխնոլոգիական շուկայի զեկույց 2025»-ին հնարավոր է ծանոթանալ այստեղ։