17:56 | 21.03.25 | Նորություններ | 816
Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը մասնակցել է «Capital Markets Armenia» երրորդ միջազգային համաժողովին՝ ելույթ ունենալով Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացմանը նվիրված հատվածում։
Համաժողովը կազմակերպել է «Cbonds Congress»–ը՝ «Cbonds»–ի աջակցությամբ։
Կոնֆերանսին տեղացի եւ արտերկրից ժամանած մասնագետների միջեւ քննարկվել են Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացման, կապիտալի համաշխարհային շուկայում ապագայի ռազմավարությունների ու հեռանկարների, կրիպտոարժույթների, թվային ակտիվների վերաբերյալ հարցեր։
Հայաստանի կապիտալի տեղական շուկայում մինչ օրս ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը երկրի ՏՀՏ ոլորտի առաջատար Viva-ն է: Փետրվարի 12-ին ընկերությունը հայտարարել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին՝ թողարկելով դոլարային պարտատոմսեր` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է «Ամերիաբանկը»։
«Այս հաջողությունը ցույց է տալիս ոչ միայն մեր աճն ու ձեռքբերումները, այլեւ՝ թափանցիկության սկզբունքներին մեր հավատարմությունը: Այս քայլը հնարավոր է դարձել մեր գործընկերների եւ ներդրողների աջակցության շնորհիվ, որոնք կիսում են ընկերության ռազմավարությունն ու արժեքները: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մեզ ու մեր գաղափարներին։ Պարտատոմսերի թողարկումը ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու արդյունավետ միջոց է՝ երկարաժամկետ եւ հեռանկարային բիզնես նախագծերին աջակցելու համար։ Հուսով ենք՝ մեր օրինակը կոգեշնչի այլ ընկերություններին նույնպես մտածել պարտատոմսերի թողարկման մասին՝ ամրապնդելով վստահությունն այս ֆինանսական գործիքի նկատմամբ», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
«Capital Markets Armenia» համաժողովն իր շուրջ էր համախմբել բանկերի, ՏՀՏ ոլորտի, ներդրումային ընկերությունների եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների 230 ներկայացուցչի Հայաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Բելառուսից, Կիպրոսից, ԱՄԷ–ից, Մավրիկիոսից, Նիգերիայից, Ուզբեկստանից։