12:21 | 11.03.25 | Նորություններ | 735
Google-ը 2021-2024 թվականներին ավելի քան 16 հազար ադրբեջանական ալիք է արգելափակել YouTube-ում, որոնցով Հայաստանին քննադատող ու ադրբեջանական կառավարությանը փառաբանող բովանդակություն է տարածվել։
Ընդ որում՝ այս ծավալի շուրջ 87%-ը հայտնաբերվել եւ արգելափակվել է 2024 թվականին։ Այս մասին նշվում է ընկերության Սպառնալիքների վերլուծության խմբի (Threat Analysis Group) տեղեկագրերում։
Ադրբեջանի հետ կապվող գործողությունների հետաքննության մասին այս տեղեկագրերում առաջին անգամ հիշատակվել է 2021-ի երկրորդ քառորդում։ 2021 թվականի հունիսին ադրբեջաներենով եւ հայերենով ադրբեջանական բանակին աջակցող բովանդակություն տարածող 33 ալիք էր արգելափակվել։ Սպառնալիքների վերլուծության խումբը նշել էր, որ իրենց հայտնաբերած օրինակները նման են Facebook-ի բացահայտումներին, հայտնում է hetq.am-ը։
2020 թվականի հոկտեմբերին Facebook ընկերությունը (2021-ից` Meta) կեղծ օգտահաշիվներով քարոզչություն տարածող ցանց էր բացահայտել Ադրբեջանում, որից հետո Google-ը նույնպես սկսել է անդրադառնալ Ադրբեջանի հետ կապվող քարոզչական գործողություններին։
2021-ին յութուբյան 33 ալիք փակելուց հետո հետաքննության մասշտաբներն ընդլայնվել են՝ հաջորդ տարի դառնալով 516։ Սպառնալիքների վերլուծության խումբը 2024-ին Ադրբեջանի հետ կապվող ավելի քան 14 հազար յութուբյան ալիք է արգելափակել, որն այս հետաքննության շրջանակում արգելափակված ալիքների ծավալի 87%-ն է։
Սրանք արգելափակված ադրբեջանական ալիքների մի փոքր մասն է, որը կոնկրետ վերաբերում է քարոզչական գործողություններին՝ ուղղված նաեւ Հայաստանի դեմ։ Սրանք բացահայտվել են Սպառնալիքների վերլուծության խմբի ներքին հետաքննության շրջանակում եւ առնչություն չունեն YouTube-ի քաղաքականության խախտման մյուս դեպքերի հետ։