16:00 | 10.03.25 | Նորություններ | 683

    Emerson-NI-ը շարունակելու է ակտիվ գործունեությունը Հայաստանում

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։

    Նա ողջունել է Ֆավրեի այցը եւ կարեւորել Emerson-NI ընկերության գործունեությունը Հայաստանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է եւ այդ առումով շահագրգիռ են  Emerson-NI ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ:   

    Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության նոր հեռանկարներին վերաբերող հարցեր:

    Նշվել է, որ Emerson-Ni ընկերությունը բարձրորակ կադրերի պատրաստման գործում սերտորեն համագործակցում է Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Ռիտու Ֆավրեն շեշտել է հայ երիտասարդների մեծ ներուժը եւ նշել, որ Emerson-NI-ն շարունակելու է ակտիվ գործունեությունը ՀՀ-ում: Այս առումով, նա կարեւորել է կառավարության հետ սերտ փոխգործակցությունը:

    Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կրթության ոլորտի ենթակառուցվածքների զարգացման հարցում երկկողմ համագործակցության եւ ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: