Digg-ը, որը համացանցի վաղեմի նորությունների ագրեգատորներից մեկն է, կրկին վերադարձել է իր սկզբնական հիմնադիր Քեւին Ռոուզի սեփականության տակ, որին միացել է նաեւ Ալեքսիս Օհանյանը։
Digg-ն ու Reddit-ը միմյանց հիմնական մրցակիցներն էին առցանց սոցիալական նորությունների ագրեգացման ոլորտում՝ հիմնադրվելով մոտավորապես 20 տարի առաջ ընդամենը մեկ տարվա տարբերությամբ։
Երկու հարթակներն էլ տարիների ընթացքում անցել են տարբեր սեփականատերերի ձեռքի տակով: Reddit-ը, սակայն, կարողացել է պահպանել իր դիրքը եւ անցյալ տարի դարձել հանրային ընկերություն՝ խոշոր IPO-ի միջոցով։ Օգտատերերի աճը շարունակում է դրական միտում դրսեւորել։
Ի տարբերություն Reddit-ի, Digg-ը նույն հաջողությունը չունեցավ։ 2012 թվականին ընկերությունը բաժանվեց մասերի եւ վաճառվեց Betaworks ինկուբատորին, որոշ ակտիվներ էլ ձեռք էին բերել LinkedIn-ը եւ The Washington Post-ը։ Ավելի ուշ Digg-ը ստացել էր ռազմավարական ներդրում USA Today-ի սեփականատեր Gannett-ից, մինչ, վերջապես, 2018-ին անցավ թվային գովազդային ընկերություն BuySellAds-ի վերահսկողության տակ։
Օհանյանը տարիների ընթացքում պարբերաբար հեռացել եւ վերադարձել է Reddit։ Առաջին անգամ նա լքել է ընկերությունը 2009 թվականին, բայց 2014-ին վերադարձել՝ որպես նախագահ։ 2020 թվականին նա վերջնականապես դուրս է եկել Reddit-ի վարչության կազմից։
Այս շաբաթ Օհանյանը միացել է Ֆրենկ ՄաքՔորթի՝ TikTok-ի ամերիկյան բիզնեսը ձեռք բերելու հայտին։
«Առցանց համայնքները զարգանում են, երբ տեխնոլոգիան ու մարդկային դատողությունը հավասարակշռված են։ Մենք վերադառնում ենք Digg-ը վերակենդանացնելու համար եւ այդ հավասարակշռությունը ապահովելու նպատակով։ Քեւինի հետ միասին ցանկանում ենք ստեղծել մի բան, որը կգերազանցի ներկայիս սոցիալական հարթակները։ Արհեստական բանականությունը պետք է կատարի ամբողջ ծանր աշխատանքը, մինչ մարդիկ կենտրոնանում են իրենց լավագույն կարողության վրա՝ իրական կապեր ստեղծելու վրա»,- ասել է Ալեքսիս Օհանյանը։