11:40 | 03.03.25 | Նորություններ | 8010
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է կիբեռանվտանգության կարեւորության մասին վերապատրաստման ծրագրի շրջանակում, որը կազմակերպվել էր Armenia Peace Initiative-ի (API) կողմից՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) հետ համատեղ:
Ինտերակտիվ քննարկման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը խոսել է կիբեռանվտանգության ոլորտում մարտահրավերների, բիզնեսը վտանգող սպառնալիքների եւ դրանց հնարավոր լուծումների մասին՝ կիսվելով հեռահաղորդակցության եւ բիզնեսի ոլորտում իր մեծ փորձով:
Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է կիբեռանվտանգության դերի կարեւորությունը թվային անվտանգության եւ բիզնեսի ամրության տեսակետից այսօրվա աշխարհում.
«21-րդ դարում կիբեռանվտանգությունը հասկանալը ընտրության հարց չէ։ Դա պարտադիր պայման է եւ պատասխանատվության ցուցանիշ: Միայն մեր գիտելիքներն ամրապնդելով՝ մենք կարող ենք դիմակայել թվային աշխարհի մարտահրավերներին եւ սպառնալիքներին: Ահա թե ինչու եմ իսկապես մեծ սիրով մասնակցում այս դասընթացին: Ես ուրախ եմ կիսվել իմ փորձով եւ պատկերացումներով հեռահաղորդակցության ոլորտում կիբեռանվտանգության դերի մասին։ Ուզում եմ ընդգծել, որ Ucom-ը որպես հաճախորդակենտրոն ընկերություն, մեծ կարեւորություն է տալիս կիբեռանվտանգությանը՝ հուսալի ծառայություններ մատուցելու նպատակով»:
Կիբեռանվտանգությունը մշտական փոփոխություններ է ենթադրում, քանի որ հարձակման վեկտորներն անընդհատ փոփոխվում են։ Կիբեռանվտանգության այս դասընթացի նպատակն է բարելավել առանցքային ընկերություններում, բանկերում, պետական հաստատություններում եւ որոշ զգայուն պետական մարմիններում աշխատող մասնագետների կարողությունները, որպեսզի նրանք աստիճանաբար ձեռք բերեն անհրաժեշտ հմտությունները՝ դիմակայելու կիբեռ սպառնալիքներին, որոնց պարբերաբար ենթարկվում են:
Դասընթացի մասնակիցները կաշխատեն սիմուլյացված միջավայրերում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ եւ գործիքներ, ինչպիսիք են Debian-ը եւ Kali Linux-ը: Դասընթացավարներն են Սեբաստիան Բարգուիրջյանը, որը միջազգայնորեն հավաստագրված համակարգչային գիտության փորձագետ է եւ մասնագիտացած է կիբեռանվտանգության ոլորտում, եւ Նիկոլյա Ռենարը, որը VMware vExpert & Microsoft Certified փորձագետ եւ մարզիչ է: Նրանց աշխատանքի մեթոդաբանությունը ներառում է կոնկրետ օրինակներ եւ գործնական վարժություններ՝ այդպիսով ուսուցումը դարձնելով ընդգրկուն եւ արդյունավետ:
«Սեմինարը նշանակալից քայլ է կիբերանվտանգության խթանմանն ուղղված Ucom-ի ջանքերի շրջանակում՝ մասնակիցներին տրամադրելու թվային ենթակառուցվածքները պաշտպանելու նորագույն գիտելիքներով, գործիքներով եւ լավագույն փորձով»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Նշվում է, որ 2023 թվականին Ucom-ը ստացել է ISO/IEC 27001 վկայական, որը հաստատում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի չափանիշները։