11:23 | 25.02.25 | Նորություններ | 727

    Apple-ը $500 միլիարդ կներդնի ԱՄՆ-ում արտադրության մեջ

    Apple ընկերությունը հայտարարել է, որ ծրագրում է 500 միլիարդ դոլար ներդնել Միացյալ Նահանգներում արտադրությունն ընդլայնելու մեջ։

    Մասնավորապես, ընկերությունը նախատեսում է գործարան կառուցել Հյուսթոնում (Տեխաս), որտեղ սերվերներ կարտադրի Foxconn-ի հետ։ Գործարանի բացումը նախատեսված է 2026 թվականին։

    Բացի այդ, Apple-ը նախատեսում է ընդլայնել իր տվյալների կենտրոնների կարողությունները Արիզոնայում, Օրեգոնում, Այովայում, Նեւադայում եւ Հյուսիսային Կարոլինայում: Այն նաեւ կավելացնի Ընդլայնված արտադրական հիմնադրամի չափը $5 միլիարդից մինչեւ $10 միլիարդ, որոնց մի մասը կուղղվի Արիզոնայի նոր գործարանին աջակցելուն, որը չիպեր է արտադրելու ընկերության սարքերի համար:

    Առաջիկա չորս տարվա ընթացքում Apple-ը նախատեսում է աշխատանքի ընդունել մոտ 20 000 աշխատակցի, որոնց մեծ մասը կաշխատի հետազոտության եւ մշակման ոլորտում՝ չիպերի դիզայն, ծրագրային ապահովման մշակում, արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում:

    Միչիգան նահանգի Դեթրոյթում ընկերությունը կբացի Apple-ի արտադրական ակադեմիա, որը խորհուրդ կտա փոքր եւ միջին բիզնեսին արհեստական բանականության եւ «խելացի արտադրական տեխնոլոգիաների» ներդրման վերաբերյալ: Ակադեմիայում կմեկնարկեն նախագծերի կառավարման եւ «գործընթացների օպտիմալացման» անվճար դասընթացներ:

    Apple-ի հայտարարությունը հնչել է մի քանի օր անց, երբ ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը, նշում է Bloomberg-ը։ Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր 10% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, որտեղ Apple-ն արտադրում է iPhone-ների եւ այլ պրոդուկտների մեծ մասը։