12:51 | 14.02.25 | Նորություններ | 1223

    Արդյո՞ք AI-ը հիմար է դարձնում մարդկանց

    Microsoft-ի եւ Քարնեգի Մելլոնի համալսարանի հետազոտողները վերջերս հրապարակել են ուսումնասիրություն, որը քննարկում է, թե ինչպես է գեներատիվ AI-ի օգտագործումն աշխատանքի ընթացքում ազդում քննադատական մտածողության հմտությունների վրա։

    «Սխալ օգտագործման դեպքում տեխնոլոգիաները կարող են եւ հանգեցնում են մտավոր կարողությունների թուլացմանը, որոնք պետք է պահպանվեն», - նշված է ուսումնասիրության մեջ։

    Երբ մարդիկ աշխատանքի ընթացքում հենվում են գեներատիվ AI-ի վրա, նրանց ջանքերն ուղղվում են դեպի այն ստուգելը, թե արդյոք AI-ի պատասխանը բավարար է օգտագործման համար, այլ ոչ թե ավելի բարդ քննադատական մտածողության հմտությունների կիրառմանը, ինչպիսիք են ստեղծումը, գնահատումը եւ վերլուծությունը։

    Ուսումնասիրության համաձայն, եթե մարդիկ միայն այն դեպքում են միջամտում, երբ AI-ի պատասխանները բավարար չեն, ապա աշխատակիցները զրկվում են «դատողություն գործադրելու եւ իրենց մտավոր ունակությունները զարգացնելու սովորական հնարավորություններից», ինչը երկարաժամկետ հեռանկարում թուլացնում է այդ հմտությունները։

    Ապավինելով AI-ին՝ մարդիկ կարող են թերանալ խնդիրների ինքնուրույն լուծման հարցում, երբ AI-ը ձախողվում է։

    TechCrunch-ի փոխանցմամբ՝ ուսումնասիրության շրջանակում հարցազրույցի է ենթարկվել 319 մարդ, որոնք շաբաթական առնվազն մեկ անգամ օգտագործել են գեներատիվ AI իրենց աշխատանքում։ Նրանցից պահանջվել է նշել երեք օրինակ, թե ինչպես են օգտագործում AI-ը, որոնք բաժանվել են երեք հիմնական կատեգորիայի՝ ստեղծում (օրինակ՝ կաղապարային էլ․ նամակ գրել գործընկերոջը), տեղեկատվություն (հետազոտություն կատարել կամ ամփոփել երկար հոդվածը) եւ խորհրդատվություն (ուղեցույցներ ստանալ կամ տվյալների հիման վրա գծապատկեր ստեղծել)։ Նրանց հարցրել են, թե արդյոք այդ գործողությունների ընթացքում կիրառել են քննադատական մտածողություն, եւ արդյոք AI-ի օգտագործումը նվազեցրել կամ ավելացրել է այդ ջանքերը։ Մասնակիցները նաեւ պետք է նշեին, թե որքան վստահություն ունեն սեփական ունակությունների, AI-ի եւ AI-ի պատասխանները գնահատելու իրենց կարողության նկատմամբ։

    Մասնակիցների մոտ 36%-ը նշել է, որ կիրառել է քննադատական մտածողության հմտություններ՝ հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար։ Օրինակ՝ մի մասնակից նշել է, որ օգտագործել է ChatGPT՝ աշխատակցի կատարողականությունը վերլուծելու համար, սակայն ստուգել է AI-ի պատասխանը, քանի որ վախեցել է սխալ թույլ տալուց, ինչը կարող էր հանգեցնել աշխատանքից հեռացման։ Մեկ ուրիշը նշել է, որ խմբագրել է AI-ի գեներացրած նամակները՝ հարմարեցնելով դրանք իր ղեկավարի մշակութային նորմերին՝ խուսափելով սխալ տպավորություն ստեղծելուց։ Շատ դեպքերում մասնակիցները լրացուցիչ ստուգել են AI-ի պատասխանները YouTube-ի, Wikipedia-ի եւ այլ աղբյուրների միջոցով, ինչը տեսականորեն կարող էր զրոյացնել AI-ի օգտագործման նպատակը։

    Այն, որ աշխատակիցները կարողանան շտկել գեներատիվ AI-ի թերությունները, նրանք պետք է հասկանան, թե ինչպես են դրանք առաջանում։ Սակայն ուսումնասիրության մասնակիցներից ոչ բոլորն էին տեղյակ AI-ի սահմանափակ հնարավորությունների մասին։

    «GenAI-ի պատասխանների հնարավոր բացասական հետեւանքները կարող են խթանել քննադատական մտածողությունը, բայց միայն այն դեպքում, եթե օգտագործողը գիտակցաբար տեղյակ է այդ վտանգների մասին», - նշված է ուսումնասիրությունում։

    Փաստորեն, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ AI-ի նկատմամբ մեծ վստահություն ունեցող մասնակիցները կիրառել են ավելի քիչ քննադատական մտածողություն, քան նրանք, ովքեր վստահել են իրենց սեփական ունակություններին։

    Թեեւ հետազոտողները խուսափում են պնդելուց, որ գեներատիվ AI-ի գործիքները «տհասացնում են» մարդկանց, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ AI-ից չափազանց մեծ կախվածությունը կարող է թուլացնել խնդիրներն ինքնուրույն լուծելու մարդկանց կարողությունը։