10:25 | 12.02.25 | Հոդվածներ | exclusive 2431

Nexify. Հայկական AI-ն ու ՏՏ ոլորտը՝ սիթքոմի լեզվով

2022 սեպտեմբերին գրել էինք, որ ArmComedy-ի հեղինակներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը մտադիր են սերիալ նկարել ստարթափ միջավայրի մասին: Այսօր արդեն պատմում են նկարահանումների մասին:

Սիթքոմը Nexify կոչվող ստարտափի ստեղման ու զարգացման մասին է՝ AI-ի եւ տեխնոլոգիական նորարարությունների համատեքստում։

Նարեկ Մարգարյանը iTel.am-ին պատմել է, որ գաղափարը հասունացել էր դեռեւս 2019 թվականից եւ տարիներ շարունակ ՏՏ ոլորտի մասին նախագիծ իրականացնելու ցանկությունն իրեն չի լքել։

photo © Մեդիամաքս


«Սկզբում սցենարը կրիպտոյի վրա էինք կառուցել, որովհետեւ այդ ժամանակ բումը կրիպտոյի շուրջ էր, բայց եկավ AI-ի դարաշրջանը ու միակ փոփոխությունը մեր սկզբնական գաղափարից եղել է AI-ի թեմայի անցումը։ Դա էլ ավելի շատ հումորային իրավիճակների տեղ է տալիս։ Երբեմն այս նախագիծը համեմատում են հայտնի Silicon Valley սերիալի հետ։ Ճիշտ է` երկուսն էլ նույն ոլորտին են անդրադառնում, բայց մեզ մոտ իրավիճակները խիստ հայկական են ու մեր իրականությանը բավականին մոտ։

Նարեկ Մարգարյանը Նարեկ Մարգարյանը
photo © Մեդիամաքս


Շատ հիմնադիրների հետ եմ հանդիպել, նրանք պատմել են իրենց պատմությունները, որոնք մի փոքր փոխված, մի քիչ էլ ուռճացված տեղ են գտել սերիալի տարբեր էպիզոդներում։ Նույնիսկ ամենաանհավանական իրավիճակը, որ կտեսնեք սերիալում, իրական հիմք ունի։ Էպիզոդիկ դերերում էլ կտեսնեք ՏՏ ոլորտի իրական ներկայացուցիչների»,- ասում է Նարեկը։

Նախագծի ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը կարծում է, որ սերիալը նոր խոսք կլինի հայկական հեռուստաարտադրության մեջ։

«Ես միացել եմ նախագծին հենց ստեղծագործական գործընթացի սկզբից. պարբերաբար հանդիպում էինք, քննարկում գաղափարները, սցենարը։ Կառուցվածքային առումով շատ գեղեցիկ ու գրագետ սցենար է։ Քասթինգի առումով առանցքային էր, որ յուրաքանչյուր կերպարի հստակ նկարագրություն ունեինք, ինչը գրեթե անհնար էր դարձնում սխալ ընտրությունը։

Հովհաննես Ղազարյանը Հովհաննես Ղազարյանը
photo © Մեդիամաքս


Որպես ռեժիսոր, ես ազատ եմ՝ կարող եմ ստեղծագործել, ներդնել իմ ձեռագիրը։ Այս նախագիծը դարձել է հետաքրքիր փորձարարական դաշտ ինձ համար։ Յուրաքանչյուր տեսարան՝ թե՛ կադրային լուծումներով, թե՛ միզանսցենայով, առանձին պատմություն է պատմում», - ասում է ռեժիսորը։

photo © Մեդիամաքս


Գլխավոր դերում հանդես եկող Արսեն Ներսիսյանը մարմնավորում է Nexify-ի հիմնադրի՝ Նորիկի կերպարը։ Նրա խոսքով՝ ամենահետաքրքիրը հումորի բարձր որակն է՝ հատուկ ենթատեքստեր պարունակող։

«Նախկինում ՏՏ ոլորտի հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել, այդ պատճառով ինձ շատ հետաքրքիր է այս կերպարը։ Նորիկն ունի հանգիստ բնավորություն, շատ կենտրոնացած աշխատում է եւ գրեթե ոչ ոք նրան չի կարող շեղել, բացի մեկից՝ Կարինայից, ում էլ սիրահարված է գլխավոր հերոսը։

Արսեն Ներսիսյանը Արսեն Ներսիսյանը
photo © Մեդիամաքս


Այս նախագիծը ինձ համար առավելագույնս հարմարավետ միջավայր է ապահովել՝ թե՛ թիմի, թե՛ խաղընկերների, թե՛ ռեժիսորի հետ աշխատանքի առումով։ Հատկապես արժեքավոր է, որ այստեղ համագործակցում եմ այն մարդկանց հետ, ում հետ արդեն նախկինում աշխատել եմ։ Նկարահանումներն ընթանում են ջերմ ու պրոֆեսիոնալ մթնոլորտում, առանց որեւէ ներքին կոնֆլիկտների, ինչն ինձ համար շատ կարեւոր է»- նշում է Արսեն Ներսիսյանը։

Սերիալում հատուկ դեր է հատկացված նաեւ հնդիկ մասնագետի կերպարին, որը մարմնավորում է Շաֆի Մահոբոբը։

Շաֆի Մահոբոբը Շաֆի Մահոբոբը
photo © Մեդիամաքս


«12 տարի է Հայաստանում եմ, մասնագիտությամբ սրտի վիրաբույժ եմ, աշխատում եմ Եվրամիության դիտորդների հետ եւ զուգահեռ զբաղվում եմ ստենդափով։ Բեմական կեղծանունս Շաֆի Ալ Կապրիո է, այստեղ իմ կերպարի անունը նույնպես Շաֆի է, կերտում եմ ազգությամբ հնդիկ ՏՏ մասնագետի կերպար։ Սովորաբար խուսափում եմ շատ կարծրատիպային դերերից, բայց այս սցենարն ինձ շատ է դուր եկել ու մեծ հաճույքով եմ իմ դերը կատարում», - ասում է Շաֆին։

photo © Մեդիամաքս


Նարեկ Մարգարյանի խոսքով՝ նախագիծը նպատակ ունի ոչ միայն զվարճացնել հանդիսատեսին, այլեւ ցույց տալ տեխնոլոգիական ոլորտում հաջողության հասնելու իրական ուղիները, դժվարություններն ու ծանր աշխատանքը։ Սիթքոմը 8 սերիա կունենա, որոնք նախատեսվում է հեռարձակվել 2025թ. մարտին՝ Wink հարթակում։ Ու արդեն այսօր ստեղծագործական թիմը մտածում է երկրորդ սեզոնի մասին:

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի