17:36 | 15.01.25 | Հոդվածներ | exclusive 158

Eqwefy․ ներդրումային նոր մշակույթ ձեւավորող հայկական հարթակ

Eqwefy-ը հանրության լայն շերտերի համար ստեղծում է հնարավորություն, կատարելով ներդրումներ, մասնակցել հայկական նորարարական եւ տեխնոլոգիական ստարտափների արժեքի ստեղծմանը եւ հաջողությանը։

Ներդրումային հարթակը պաշտոնապես գործարկվել է 2024-ին, սակայն գաղափարից իրականություն ճանապարհին տարիների աշխատանք ու ջանք է ներդրված։

Eqwefy-ի հիմնադիր Սամսոն Ավետյանը iTel.am-ի հետ զրույցում պատմել է հարթակի ստեղծման, առաքելության ու Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացման իր տեսլականի մասին։

Ներդումային շուկան Հայաստանում եւ Eqwefy-ի գաղափարը

Ներդրումների վերաբերյալ Հայաստանում ընկալումները առհասարակ թույլ են զարգացած։ Մենք 149-րդ երկիրն ենք աշխարհում ներքին խնայողությունների չափով, իսկ դրանք ապագային միտված ներդրումներն են։ Խնայողությունների վերաբերյալ հանրային ընկալումը պետք է զարգացնել։ Իհարկե, առաջընթաց նկատվում է, սակայն դեռ աշխատանք կա անելու։ Կենսաթոշակային ֆոնդի ստեղծումը դրական առաջխաղացում է, ինչ-որ չափով ավանդներ կան, մի քանի ներդրումային ընկերություն է բացվել վերջին շրջանում, նաեւ հրեշտակ ներդրողների ցանցեր ու ներդրումային նոր ֆոնդեր են ստեղծվել, ինչը նպաստել է ոլորտի առաջխաղացմանը։

Eqwefy-ը ծնվել է 2020 թվականին որպես գիտական աշխատանք Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Հետագա զարգացմանը զուգահեռ ծրագիրը տեղափոխվել է Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբ (AICA), որի միջոցով ստացել է ֆինանսական աջակցություն նաեւ Եվրամիության կողմից։

Ավելի քան 2 տարի իրականացվել են բազում աշխատանքներ, որոշ տեղերում կատարվել են նաեւ առանցքային փոփոխություններ՝ ծրագիրը համապատասխանեցնելու ներդրողի շահերին։ 2024-ին գործարկված վեբ հարթակում ներկայացնում ենք տարբեր ստարտափներ, որոնք հասանելի են բոլորին ներդրումների համար։ Այժմ ViralMango եւ rblox.io ստարտափներն են ներկայացված։

photo © Eqwefy


Ինչ վերաբերում է միջազգային մրցունակությանը, ստարտափային ոլորտն ամենահաջողվածն է Հայաստանում: Մասնագիտացված ներդրողները Հայաստանում հիմնականում նախընտրում են ներդրում կատարել ստարտափների մեջ: Քանի որ արդեն հաջողված փորձ է ու արժեք է ստեղծում, ցանկանում ենք հանրայնացնել։ Սա շատ կարեւոր է նաեւ Սփյուռքի համար։

Հայաստանը էմոցիաներից բացի, նաեւ արժեք կարող է ստեղծել Սփյուռքի համար։ Մեր հարթակի միջոցով ՏՏ ոլորտի առաջընթացը ավելի հասանելի կարող է դառնալ նրանց։ Սա շարունակաբար ներգրավվածության մասին է։

Առանց բյուրոկրատիայի ներդրումներ եւ դիվերսիֆիկացված պորտֆոլիո

Ներդրողների համար ադմինիստրացիան ու բյուրոկրատիան բոլոր հարցերն ամբողջությամբ վերցրել ենք մեզ վրա։ Ստարտափների համար էլ հեշտացրել ենք գործընթացները։ Երբ գործ ունես փոքր չափով բազմաթիվ ներդրում կատարողների հետ, լրիվ այլ է։

Բոլոր ներդրողերը ստանում են բաժնետոմսեր․ գնահատումը կատարվում է նույն չափանիշներով, ինչ մեծ ներդրողների դեպքում։ Մենք չենք կարող ավելի վատ կամ ոչ շահավետ պայմաններ առաջարկել փոքր ներդրողներին։

Նրանք կարող են ընտրել հարթակի ստարտափը, որում ցանկանում են ներդրում կատարել։ Հնարավոր է նաեւ կիրառել ամսական բաժանորդագրության մոդել։ Վստահելով հարթակին՝ օգտատերն ամսական որեւէ չափով գումար կարող է հատկացնել, որն ավտոմատ կերպով կբաշխվի ներկայացված 2 կամ 3 ստարտափի միջեւ։ Այսպես էլ աստիճանաբար կստեղծվի դիվերսիֆիկացված պորտֆոլիո, որտեղ օգտատերը կարող է ունենալ 20-30 ստարտափ քիչ-քիչ մասնաբաժիններով, ինչպես սովորաբար մեծ ներդրողներն են անում։ Սա նաեւ նվազեցնում է ձախողման ռիսկերը։



Ապագայում Eqwefy-ը նախատեսում է նաեւ թողարկել նոր ծառայություն՝ ուղղված կազմակերպություններին. այն հնարավորություն կտա աշխատակիցների աշխատավարձի 2-3 տոկոսը ներդնել ընկերությունում:

Ռիսկերն ու վստահությունը

Վստահությունը ֆինանսական ոլորտում շատ կարեւոր է, մենք մարդկանց խնայողությունների հետ գործ ունենք ու այդ առումով պետք է շատ զգույշ ու պատասխանատու լինել։ Հաճախ եմ նշում՝ ունեցվածքի 5-10 տոկոսն է պետք ներդնել ստարտանփներում։ Մնացած 90 տոկոսը ավելի լավ է տարբեր բաժնետոմսերի, պարտատոմսերի ու ավանդների մեջ ներդնել։ Շատ կարեւոր է, որ այդ 10 տոկոսը բաշխված լինի 20-30 ստարտափի մեջ, այդ ձեւով ռիսկերն ավելի են նվազում։

Կենտրոնական բանկի կարգավորման մոտեցումները բավականին խիստ են՝ հիմնված միջազգային լավագույն պրակտիկայի վրա։

Ստարտափներն էլ իրենց հերթին կարող են անվստահություն հայտնել ներդրողներին՝ կանխելով հետագա ներդրումային շրջափուլերում բարդությունները։ Ստուգումներ լինելու են հատկապես մեծ գումարների հոսքի դեպքում։

Ստարտափների ընտրությունն ու թիմը

Ունենք 7 հոգուց կազմված Տնօրենների խորհուրդ, խորհրդատուներ ու հանձնաժողով, որն ընտրում է ստարտափներին։ Նաեւ ներքին աուդիտ, որը խորհրդին շարունակաբար ներկայացնում է գործընթացները։ Ֆինանսական հաշվետվությունն անկախ է, պատվիրակված է այլ կազմակերպության, որը նաեւ ԿԲ-ին է ներկայացնում հաշվետվություն։ Կիբեռանվտանգությանն ուղղված քայլեր նույնպես իրականացնում ենք։

photo © Eqwefy


Խորհրդում ներգրավված մարդիկ վայելում են մեծ հեղինակություն. ՀԱՀ EPIC կենտրոնի հիմնադիր Մայքլ Քուչակջեանը, Granatus Ventures-ի համահիմնադիր եւ գլխավոր գործընկեր Երվանդ Սարգսյանը, Viva-ի նախկին տեղեկատվության գլխավոր պատասխանատու Թոմաս Մազեջյանը, Բերջ Այվազյանը, Աննա Բրունոն, Հակոբ Այնեջյանը ու Սեսիլ Կարուն Գուլը․ նրանք բոլորը փորձառու են եւ տարիներ շարունակ աջակցել են ոլորտի զարգացմանը։

Նունե Գրիգորյան