16:30 | 10.01.25 | Նորություններ | 270

Մեկնարկել է DEFEA 2025 ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում է 2025 թվականի մայիսի 6-ից 8-ը Աթենքում կայանալիք «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը:

ԴԵՖԵԱ-ն բարձր հեղինակություն ունեցող միջազգային պաշտպանական ցուցահանդես է, որտեղ միջազգային կազմակերպությունները ներկայացնում են ցամաքային, ծովային, օդատիեզերական, ազգային եւ կիբեռանվտանգության պաշտպանական համակարգեր։

Այն կազմակերպվում է ROTA Exhibitions Greece-ի կողմից Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարության հովանու ներքո, SEKPY-ի՝ պաշտպանական նյութերի հունական արտադրողների ասոցիացիայի համագործակցությամբ:

Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ: Նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները եւ նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի եւ ձեռքբերումների ներկայացմամբ:

Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձեւաչափը՝ նախարարությունը նախատեսում է միջոցառմանը ներկայանալ հայկական ոլորտային կազմակերպությունների հետ միասնական տաղավարով՝ ներկայացնելով պաշտպանական եւ սպառազինության ոլորտներում նրանց կողմից առաջարկվող լուծումները:

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչեւ 2025 թվականի հունվարի 30-ը, հետեւյալ հղումով:

Նախարարությունը կհոգա ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման եւ ցուցահանդեսի մուտքի ծախսերը։ Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված կազմակերպությունները։

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում: