11:15 | 10.01.25 | Նորություններ | 161

ՏՏ ոլորտին տարեկան կտրամադրվի 80 մլն դոլար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփել է 2024 թվականի գործունեությունը:

Ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքի փոփոխություն

Նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում նշանակալի փոփոխությունների մասին՝ Ռազմարդյունաբերության կոմիտեին տրամադրելով 4 նոր գործառույթ։ Նախարարի խոսքով՝ դրանցից 2-ն արդեն պատրաստ է եւ առաջիկա 3 ամսում կարող է ընդունվել կառավարության որոշմամբ։

«Առաջինով նախատեսվում է կանոնակարգել գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների ձեւավորումը, կազմումը, անցկացումը, հաշվետվությունն ու ֆինանսավորումը։ Երկրորդ ուղղությունով կանոնակարգումները վերաբերում են փորձանմուշների արտադրությանը: Երրորդ կարգը վերաբերում է պետական փորձարկումների գործընթացին: Չորրորդ կարգով հնարավորություն է տրվելու պետական մարմնին, օգտագործելով պետական գործիքակազմը, ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարվի մասնավոր հատվածի ընկերություններին»,- ասել է ԲՏԱ նախարարը։

Գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորում

Անդրադառնալով նախկինում հնչած մտահոգություններին կատարողականի ցածր ցուցանիշներին՝ Հայրապետյանը հայտնել է ֆինանսավորման աճի մասին.

«Այս տարի ունենք բարձր կատարողական. շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի շրջանակում համապատասխան ծախսեր ենք կատարել այս ոլորտում։ Մինչդեռ 2023 թվականին այն կազմում էր 1,1 մլրդ դրամ»։

Տեխնոլոգիական ոլորտի աջակցության օրենք

2024 թվականին ընդունվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին նոր օրենք։

«Նախնական՝ առնվազն աջակցության ծրագրերի մասով արված գնահատմամբ, գումարը կազմում է տարեկան 80 մլն դոլար, եւ այս ծրագիրն առնված 7 տարվա համար է։ Ունենք նաեւ ֆիսկալ որոշակի գործիքներ, որոնք ներդրվել են այս օրենքի շրջանակում։ Մասնավորապես, մի քանի հարկային արտոնություն է սահմանվում, ինչը կգնահատվի օրենքի կիրառման ընթացքում, որովհետեւ մեզ համար դեռեւս դժվար է գնահատել, թե տեխնոլոգիական ընկերություններն ինչ ծավալով են գալու եւ օգտվելու աջակցության այս ծրագրերից, ինչպես նաեւ՝ ինչ ծավալի վերազգային ընկերություններ են մուտք գործելու Հայաստան»,- ասել է Հայրապետյանը։

Ռազմավարության մշակման ծրագրեր

Նախարարությունը USAID-ի հետ համագործակցությամբ սկսել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարության մշակման աշխատանքներ։

«Ձեւավորվել է կոնսորցիում տեղական եւ միջազգային փորձագետների ներգրավմամբ, ինչը նշանակում է, որ 2025-ի հունիս-հուլիս ամիսներին, ամենայն հավանականությամբ, կունենանք սեւագիր տարբերակը, այն կներկայացնենք հանրության լայն շրջանակներին, հատկապես մասնագիտական կազմակերպություններին եւ ասոցիացիաներին»,- ամփոփել է նախարարը։