15:57 | 27.12.24 | Նորություններ | 2499

    Արարատի մարզում կհիմնվեն Թումո տուփեր

    Կառավարությունն ընդունել է «Հողամասեր հետ վերցնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում:

    Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Սիմոնյան կրթական հիմնադրամը՝ Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ եւ Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր առանձնացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով հիմնադրամին տրամադրելու խնդրանքով՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով:

    Հիմնադրամն իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների եւ գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն:

    Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, եւ ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար: Տուփը կազմված է շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաեւ նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել: