14:19 | 27.12.24 | Նորություններ | 618
Մշտապես կարեւորելով հաճախորդամետության բարձր չափանիշները՝ Բիբլոս Բանկ Արմենիան ներկայանում է SatisfAI նորարարական հարթակի հետ համագործակցությամբ, որը թույլ կտա հաճախորդների շրջանում անցկացնել գոհունակության հարցումներ եւ շարունակ կատարելագործել բանկի ծառայությունները:
SatisfAI-ը հաճախորդների հետ հետադարձ կապի գործիք է, որը հնարավորություն է տալիս հավաքագրել եւ վերլուծել հաճախորդների կարծիքներն ու գաղափարները։
Բանկի մասնաճյուղերում որեւէ գործարք կատարելուց հետո հաճախորդները կստանան SMS հաղորդագրություն՝ պարզ հարցման միջոցով իրենց կարծիքն արտահայտելու առաջարկով։
Հարցման արդյունքները կօգնեն ավելի լավ հասկանալ հաճախորդների ցանկությունները, բարելավել առաջարկներն ու մատուցել ավելի անհատականացված ծառայություններ։
«Իսկապես հաճախորդամետ մոտեցումը Բիբլոս Բանկ Արմենիայի այցեքարտն է, ինչն էլ բերել է բանկի եւ SatisfAI-ի միջեւ համագործակցությանը։ Հարցումները թույլ կտան ավելի լսելի դարձնել մեր հաճախորդների ձայնն ու կատարելագործել մեր սպասարկումը նրանց կարիքներին համապատասխան։ Օգտագործելով հարթակը՝ մենք ամբողջական պատկերացում կկազմենք բանկում մեր հաճախորդների փորձառության մասին եւ կկարողանանք կայացնել կոնկրետ տվյալների վրա հիմնված որոշումներ, որոնք կգերազանցեն մեր հաճախորդների սպասելիքները»,- նշել է բանկի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը:
«Մենք շատ ոգեւորված ենք Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցության առաջին փուլի մեկնարկով եւ վստահ ենք, որ սա փոխշահավետ համագործակցության եւ երկար ճանապարհի սկիզբն է: Հաջորդ փուլերում ակնկալում ենք ներդնել մեր թիմի կողմից մշակված նոր AI մոդուլը։ Այս մոդուլը, մշակելով զանգերի կենտրոնի եւ IP-տեսախցիկների միջոցով հավաքագրված տվյալները, թույլ է տալիս ավտոմատացված կերպով վերհանել հաճախորդների խնդիրները եւ պատկերացում ձեւավորել հաճախորդամետ քաղաքականության մշակման վեկտորներում։ Վստահ ենք, որ SatisfAI-ը կօգնի կատարելագործել Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդների գոհունակության եւ հավատարմության ցուցանիշները»,- ասել է SatisfAI-ի համահիմնադիր Հայկ Կարապետյանը։
Նշվում է, որ հետագայում հաճախորդները կկարողանան ստանալ հարցումները նաեւ էլեկտրոնային նամակով եւ Byblos Mobile հավելվածով։