14:30 | 09.12.24 | Նորություններ | 908

4 գիրք Բիլ Գեյթսից՝ ամանորյա տոներին ընթերցելու համար

Բիլ Գեյթսը պատմել է, թե մանկության որ սովորությունն է օգնել իրեն միլիարդատեր դառնալ։

Microsoft-ի համահիմնադիր եւ նախկին գործադիր տնօրեն Բիլ Գեյթսը վստահ չէ, որ միլիարդատեր կդառնար, եթե մեծանար ժամանակակից երեխաների պես՝ տարված սմարթֆոններով եւ սոցիալական ցանցերով: Նրա խոսքով՝ որպես երեխա ընկերների հետ թափառելը, արտաքին աշխարհն ուսումնասիրելը,
ժամերով սենյակում կարդալը եւ խորը մտածելն է օգնել իրեն հիմնադրել ընկերություն, որը գնահատվում է 3,26 տրիլիոն դոլար:

«Երբ զգում էի անհանգստություն, ձանձրանում էի կամ վատ պահվածքի պատճառով անախորժությունների մեջ էի ընկնում, փակվում էի իմ սենյակում եւ խորասուզվում գրքերի մեջ, հաճախ ժամեր շարունակ՝ առանց ընդմիջման: Պարապությունը խորը մտածելու եւ սովորելու վերածելն ինձ դարձրել է այն մարդն, որն այսօր եմ: Դա նույնպես կարեւոր էր իմ շարունակական հաջողության համար»,- ասում է Գեյթսը:

Իր բլոգում Գեյթսը խորհուրդ է տվել Նյու Յորքի համալսարանի սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայդտի «Անհանգիստ սերունդը» գիրքը, որը պնդում է, որ սմարթֆոնների եւ սոցիալական մեդիայի լայն հասանելիությունը զգալիորեն նպաստել է երիտասարդների շրջանում առկա հոգեկան առողջության ճգնաժամին, ինչպես նաեւ Z սերնդի շրջանում մենակության եւ դեպրեսիայի աճող տեմպերին։

«Մեր ուշադրության տիրույթը նման է մկանի, եւ անընդհատ շեղումները եւ սոցիալական մեդիայի հանդեպ կախվածությունը աներեւակայելի դժվարացնում են դրա զարգացումը», - ասում է Գեյթսը:

Տոներին ընդառաջ Բիլ Գեյթսը խորհուրդ է տվել ընթերցել հետեւյալ գրքերը՝

«Ինժեներությունը առօրյա կյանքում», Գրեդի Հիլհաուս

Գեյթս նշում է, որ գիրքը շատ «առեղծվածային կառույցների նկարազարդ ուղեցույց է, որ մենք տեսնում ենք ամեն օր»։ Նա ափսոսանք է հայտնել՝ նման գրքի հետ շատ ավելի վաղ ծանոթանալու հնարավորություն չի ունեցել։ Գեյթսը խոստովանում է, որ դա շատ օգտակար կլիներ իր մանկության տարիներին, երբ հետաքրքրասեր երեխա էր եւ մտածում էր Սիեթլի իր թաղամասի էլեկտրահաղորդման գծերի, ջրի խողովակների եւ կոյուղու մասին:

Այնուամենայնիվ, սա մանկական գիրք չէ: Հիլհաուսի բացատրությունները բարդ ինժեներական սկզբունքների վերաբերյալ, որոնք ներկայացված են նկարազարդումներով, նպատակ ունեն գրավել ընթերցողների լայն լսարան:

«Բարձրացող ալիքը», Մուստաֆա Սուլեյման

Սա Գեյթսի «սիրած գիրքն է արհեստական բանականության մասին» եւ այն գիրքը, որը նա ամենից հաճախ խորհուրդ է տալիս նրանց, ովքեր ցանկանում են հասկանալ արագ զարգացող տեխնոլոգիան:

«Հիմնվելով ոլորտում նրա անձնական փորձի վրա՝ Սուլեյմանի գիրքն անդրադառնում է, թե ինչպես AI-ն, զուգահեռ գիտական առաջընթացին, ինչպիսիք են գեների խմբագրումը եւ կենսատեխնոլոգիան, պատրաստ է փոխել հասարակության բոլոր ասպեկտները», - ասում է Գեյթսը:

Սուլեյմանը AI-ի հետազոտական DeepMind լաբորատորիայի համահիմնադիրն է եւ ներկայում Microsoft AI-ի գործադիր տնօրենը:

«Անավարտ սիրո պատմություն», Դորիս Քիրնս Գուդվին

Այս գրքում Պուլիցերյան մրցանակակիր հեղինակը պատմում է իր ամուսնության պատմությունը Ռիչարդ Գուդվինի հետ, ով ծառայել է որպես նախագահի օգնական եւ ելույթներ գրել Ջոն Քենեդու եւ Լինդոն Բ. Ջոնսոնի համար: Գուդվինը համատեղում է անձնական պատմությունը այս հզոր գործիչների ազդեցության եւ ժառանգության ուսումնասիրության հետ, որ կառավարում էին Միացյալ Նահանգները շրջադարձային պահին:

«Դժվար է չտեսնել զուգահեռները 1960-ականների եւ այսօրվա միջեւ՝ քաղաքական անկարգությունների, սերունդների բախումների եւ համալսարաններում բողոքի ցույցերի ժամանակ», - բացատրում է Գեյթսը:

Գիրքը հնարավորություն է տալիս դասեր քաղել, թե ինչպես են պատմական առաջնորդները վերաբերվում իրենց ժամանակի մարտահրավերներին: Գեյթսը նշել է, որ գրքի բովանդակությունը հատկապես վերաբերում է այսօրվա ընթերցողին։