14:07 | 09.12.24 | Նորություններ | 801

Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի եւ Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

Հայաստանի եւ Կոլումբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով ՀՀ-ում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի հրավերով կայացել է հոբելյանական ընթրիք։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Կոլումբիայի դեսպան Հեկտոր Արենաս Նեյրանը, Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ, փոխդեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պետական մարմինների ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի համոզմամբ երկուստեք շահերից է բխում շարունակել ակտիվացնել առեւտրային, մշակութային եւ զբոսաշրջային շփումները մեր կառավարությունների, գործարարների եւ ժողովուրդների միջեւ:

Դեսպան Հեկտոր Արենաս Նեյրանը երրորդ անգամ է Հայաստան այցելում, արդեն երկրորդ անգամ՝ դեսպանի կարգավիճակում: Նա խոստովանում է, որ Հայաստանը գրավել է իրեն հարուստ պատմությամբ՝ միահյուսված քրիստոնեության եւ համաշխարհային մարդկության պատմությամբ․ «Ուրախ ենք նշել Կոլումբիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Աշխատել ենք տարբեր ոլորտներում՝ մշակութային,  ակադեմիական: Նպատակ ունենք շարունակել աշխատել այնպիսի ոլորտների շուրջ, ինչպիսիք են մշակութային դիվանագիտությունը, գաստրոնոմիկ, կրթական, սպորտային դիվանագիտությունը եւ նաեւ փորձել գտնել հնարավորություններ մեր երկու երկրների միջեւ առեւտրային կապերի ամրապնդման համար: Ցանկանում ենք ծրագրեր իրականացնել նաեւ գրականության ոլորտում, քանի որ գիտենք, որ Հայաստանում շատերը հետաքրքրված են լատինամերիկյան եւ կոլումբիական գրականությամբ»:

Ընթրիքի համար Հայաստան էր ժամանել կոլումբիացի շեֆ-խոհարար Լուսիանա Կայենը, ով մասնագիտացել է Կոլումբիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խոհանոցում, կակաոյի եւ սուրճի փորձագետ է: Լուսիանա Կայենն առաջին անգամ էր Հայաստանում․ «Ես ծանոթ եմ Հայաստանին, եւ մեր երկրում կա մի շրջան, որը կոչվում է Արմենիա: Այնտեղ սուրճ են աճեցնում: Այն շատ կարեւոր նշանակություն ունի մեզ համար: Հայաստանում եմ արդեն երկու կամ երեք օր, եւ իմ տպավորությունը մարդկանցից եւ մշակույթից շատ խորն է: Մարդիկ այստեղ շատ բարի են: Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն»:

Ընթրիքի ընթացքում հյուրերը համտեսել են Լուսիանայի կազմած հատուկ ճաշացանկից կոլումբիական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ՝ վայելելով կոլումբիական երաժշտություն եւ պարեր:

Հայաստանի եւ Կոլումբիայի միջեւ հարաբերությունների սերտացման ուղղությամբ երկու երկրներն էլ ջանքեր են ներդնում՝ կարեւորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում, համագործակցության ընդլայնումը: