17:00 | 19.11.24 | Նորություններ | 1449

Դիջիթեյնը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի գլխավոր հովանավոր

Երեւանում ամփոփվել է Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան, որի գլխավոր հովանավորը երկրորդ տարին անընդմեջ հանդիսանում է Դիջիթեյն ընկերությունը։  

Օլիմպիադայի շրջանակներում Երեւան է ժամանել երկրորդ փուլ անցած 34 մասնակից՝ աշխարհի 16 երկրից, որոնք նոյեմբերի 15-ին Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում մասնակցել են եզրափակիչ փուլին։ Նույն օրը տեղի է ունեցել նաեւ արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Դիջիթեյն գրուպի Տաղանդների եւ կորպորատիվ մշակույթի տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանը։ Վերջինս հանձնել է մրցանակներից մեկն ու Դիջիթեյնի պատրաստած հատուկ նվերները բոլոր մրցանակակիրներին։

photo © Դիջիթեյն


Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Չիլին ներկայացնող Վինսենտե Կորվալանը, երկրորդ տեղը գրավել է Սեզար Ալբուրկերկը Բրազիլիայից, իսկ երրորդ մրցանակին արժանացել են Էմանուելե Սակին Իտալիայից եւ Հարություն Կարապետյանը Հայաստանից:

«Սինոփսիս Արմենիայի կողմից հիմնադրված միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչեւ 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին եւ միեւնույն ժամանակ համոզվել, որ Հայաստանում մեր ոլորտում ապահովում ենք մրցունակ եւ համաշխարհային պահանջներին բավարարող կրթության որակ», - նշել է Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիսի առաջատար գիտնական Դր․Երվանդ Զորյանը։

photo © Դիջիթեյն


«Կրթությունը շարունակում է մնալ Դիջիթեյնի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության հիմքում, եւ մենք հպարտ ենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ հովանավորում ենք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան։ Մենք մեծ ոգեւորությամբ հետեւում ենք ծրագրի աշխարհագրական ընդլայնմանը եւ ուրախ ենք լինել մասնակիցը այս հաջողված ծրագրի։ Դիջիթեյնը մշտապես կանգնած է նման նախաձեռնությունների կողքին, քանի որ մենք հավատում ենք տաղանդների եւ նորարարության զարգացման կարեւորությանը եւ՛ լոկալ, եւ՛ գլոբալ տեխնոլոգիական համայնքներում»,- ասել է Դիջիթեյն գրուպի Տաղանդների եւ կորպորատիվ մշակույթի տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանը։

photo © Դիջիթեյն


Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006 թվականին եւ անցկացվում է ՀՀ Վարչապետի հովանու ներքո։ Առաջին փուլին մասնակցել էին 332 հոգի, իսկ հաղթողի կոչման համար մրցում էին 34 մասնակիցներ հետեւյալ երկրներից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Իտալիա, Լիբանան, Հայաստան, Հորդանան, Շրի Լանկա, Չիլի, Պերու, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ եւ Ֆրանսիա։

Օլիմպիադան կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային եւ էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ: