13:39 | 15.11.24 | Նորություններ | 11652

Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Silicon Mountains ՏՏ գագաթնաժողովին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երեւանում անցկացվող ամենամյա  Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին, որն այս տարի նվիրված է տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը եւ մարտահրավերներին:

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի ելույթներն ու պանելային քննարկումները նվիրված էին հետեւյալ թեմաներին՝ Industry.ai, Invest.ai եւ Impact.ai։ Վերջին պանելի մասնակիցները քննարկել են արհեստական բանականության ազդեցությունը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության եւ այլ ոլորտների վրա։

Ռալֆ Յիրիկյանի հետ պանելին մասնակցել են նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Visa-ի ԱՊՀ եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի տարածքի Fintech ընկերությունների եւ ձեռնարկությունների հետ ռազմավարական համագործակցության գծով տնօրեն Եվգենի Լիսնյակը, CINI կիբերանվտանգության ազգային լաբորատորիայի տնօրեն, CNRS գիտական խորհրդի անդամ Պաոլո Պրինետտոն, Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաեւ Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողությունը։
Ucom-ը նաեւ հանդես է եկել որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

«Արհեստական բանականությունն այսօր ներթափանցում է բոլոր ոլորտներ, օգտագործվում կազմակերպությունների տարբեր մակարդակներում։ Այս իմաստով շատ կարեւոր է, որ աշխատակիցները, մասնագետները տիրապետեն այդ գործիքին, կարողանան գրագետ ու արդյունավետ կերպով օգտվել դրանից։ Մենք Ucom-ում ակտիվորեն աշխատում ենք այս հարցերը լուծելու ուղղությամբ, քանի որ վստահ ենք` բիզնեսի ապագան եւ հաջողություններն ուղիղ կապված են նորարարական գործիքների օգտագործման հետ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս տարի ամփոփիչ գագաթնաժողովը նվիրված է ԱԲ կիրառությանը, իսկ պանելային քննարկումները՝ «Industry.ai», «Invest.ai» եւ «Impact.ai» թեմաներին։ Ընտրված թեմաները ընդգծում են ԱԲ-ի ներդրման ազդեցությունն արդյունաբերությունում, ներդրումային միջավայրում եւ ընդհանուր ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա։ Մենք՝ որպես տեխնոլոգիական համայնք, մեծ նշանակություն ենք տալիս ԱԲ-ին կրթության մեջ։ Ուրախ եմ ներկայացնել մեր նոր կրթական ծրագիրը՝ Step.ai-ը, որը նախատեսված է Հայաստանի ավագ դպրոցների համար եւ շուտով ներդրվելու է կրթական ծրագրերում եւ որը մենք ստեղծել ենք մեր գործընկերների հետ», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Միջոցառմանն աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ Ինովացիոն գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։ Միջոցառումն անցկացվում է 7-րդ անգամ։