16:44 | 12.11.24 | Նորություններ | 1340

Հայտնի են EdTech հաքաթոնի հաղթող թիմերը

Նոյեմբերի 8-ից 10-ը Իմփաքթ Հաբ Գյումրիում կայացել է EdTech հաքաթոնը, որը համախմբել էր Հայաստանի երիտասարդներին, որոնք նորարար գաղափարներ եւ տեխնոլոգիական լուծումներ ունեին կրթության ոլորտը զարգացնելու համար։

EdTech հաքաթոնի նպատակն էր խթանել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը եւ երիտասարդներին տրամադրել գործիքներ՝ կրթության ոլորտում իրական փոփոխություններ իրականացնելու համար։

Երեք օրվա ընթացքում մասնակիցները մշակել են նոր կրթական տեխնոլոգիաների լուծումներ՝ միաժամանակ զարգացնելով բիզնեսի եւ թվային հմտությունները։ Միջոցառմանը ներկա էր ավելի քան 70 երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ ծրագրավորողներ, դիզայներներ, ուսուցիչներ եւ ուսանողներ։

Լավագույն թիմերին տրամադրվել է ընդհանուր 4000 եվրոյի դրամական մրցանակ։

Առաջին տեղ զբաղեցրած թիմը՝ Get Skills-ն, ստացել է 2000 եվրո, երկրորդ եւ երրորդ տեղերում համապատասխանաբար TeachUp եւ Paros թիմերն են՝ յուրաքանչյուրը 1000 եվրո մրցանակով։ Հատուկ մրցանակ (հանդիսատեսի սիրելին) շնորհվել է Paros թիմին՝ իրենց նորարարական մոտեցման եւ բացառիկ գաղափարների համար։ Հաղթող թիմերը նաեւ ստացել են 8 ժամ մենտորություն՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու նպատակով։

Միջոցառումը կազմակերպվել էին Իմփաքթ Հաբ Երեւանն ու Garage48-ը։

«Այս երիտասարդների ձգտումը՝ կրթական ոլորտը նորարարական գաղափարներով վերափոխելու, հիացմունքի է արժանի։ Այս միջոցառումը կարեւոր հարթակ է երիտասարդների համար՝ ներգրավվելու EdTech ոլորտում, կապ հաստատելու փորձառու մասնագետների հետ եւ հնարավորություն տալու ինքնատիպ գաղափարներին վերածվել կարեւոր լուծումների»,- նշել է Garage48-ի նախագծի ղեկավար Քսենիյա Կարպենկովան։

«Հրաշալի է տեսնել, թե որքան ոգեւորված են Հայաստանի երիտասարդները փոփոխություն իրականացնելու մտքով։ Impact Hub Armenia-ն այն վայրն է, որտեղ փոփոխությունը դառնում է իրական։ Այս հաքեթոնը համախմբել է 70 երիտասարդի Հայաստանի տարբեր անկյուններից՝ ներկայացնելու իրենց գաղափարներն ու լուծումները կրթական ոլորտի բարեփոխման համար»,- ասել է Իմփաքթ Հաբ Երեւանի ծրագրերի համակարգող Արուս Սուքիասյանը։

Միջոցառման ընթացքում մասնակիցները ստացել են հայ եւ էստոնացի հաջողակ հիմնադիրների կողմից մենտորություն։ Նրանք ծանոթացել են 21-րդ դարի կարեւոր հմտություններին, ինչպիսիք են առաջնորդությունը, ստեղծարարությունը, խնդիրների լուծումը եւ թվային գրագիտությունը, ինչպես նաեւ հնարավորություն ունեցել ընդլայնելու իրենց մասնագիտական ցանցը՝ գտնելով նոր հնարավորություններ անձնային եւ մասնագիտական աճի համար։