12:59 | 11.11.24 | Նորություններ | 1443

ՁԻՀ-ը մեկնարկում է AI4ALL կրթական նոր ծրագիր

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը մեկնարկել է «AI4ALL»՝ արհեստական բանականությունը բոլորի համար նոր նախաձեռնությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։

Նպատակն է Հայաստանի բոլոր մարզերի 15-29 տարեկան երիտասարդներին ծանոթացնել արհեստական բանականության տարբեր գործիքներին՝ հնարավորություն տալով սովորել նոր մասնագիտություն կամ կիրառել դրանք ներկայիս աշխատանքում։

Նախատեսվում են դասընթացներ, աշխատարաններ եւ վեբինարներ, որոնք հնարավորություն կտան երիտասարդներին հարստացնել իրենց գիտելիքները եւ ավտոմատացնել աշխատանքային որոշ գործընթացներ:

«Մեզ համար կարեւոր է մարզերի երիտասարդների կայուն զարգացումը եւ նրանց զինումը աշխատաշուկայում պահանջարկ ունեցող հմտություններով։ Այսօրվա աշխարհում արհեստական բանականության գործիքների իմացությունն ու կիրառումը կարեւոր նշանակություն ունեն։ ԱԲ գործիքները հնարավորություն են տալիս մասնագիտանալ տարբեր ոլորտներում, կարճ ժամանակում սովորել նոր մասնագիտություն, հաշված րոպեների ընթացքում պատրաստել նախագծեր, որոնք նախկինում երկար ժամանակ էին պահանջում։ Իզուր չէ, որ նախաձեռնության կարգախոսը «AI-ը քո հնարավորությունն է», քանի որ ԱԲ-ի ընձեռած հնարավորության շնորհիվ կարելի է մասնագիտանալ, նոր աշխատանք գտնել, նոր մոտեցումներ սովորել ու կիրառել»,- նշել է ՁԻՀ-ում «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը։

Դասընթացների առանձին ուղղվածություն է «ԱԲ/AI-ը ուսուցիչների համար», որը նախատեսված է Հայաստանի բոլոր մարզերի մինչեւ 29 տարեկան ներկա եւ ապագա ուսուցիչների համար։ Դասընթացի ընթացքում մանկավարժները կսովորեն դասավանդման մեջ կիրառվող տարբեր գործիքներ, որոնք կհեշտացնեն իրենց աշխատանքը, ավելի հետաքրքիր եւ ինտերակտիվ կդարձնեն դասերը սովորողների համար։  

Աշխատարանների մյուս շարքն անդրադառնում է ԱԲ/AI գործիքների կիրառմանը ստեղծարար եւ տեխնոլոգիական ոլորտներում՝ գրաֆիկ դիզայն, բովանդակության մշակում, տեսանյութերի ստեղծում ու խմբագրում, ինչպես նաեւ կայքերի եւ հավելվածների ծրագրավորում։

«AI4ALL՝ արհեստական բանականությունը բոլորի համար» նախաձեռնության շրջանակում արդեն մեկնարկել է դասընթացների ու աշխատարանների մասնակցության հայտերի ընդունումը։ Տվյալ փուլում դասընթացներին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է հետեւյալ ուղղություններով․

•    Օֆֆլայն դասընթաց ուսուցիչների համար՝ այստեղ։
•    Օնլայն դասընթաց ուսուցիչների համար՝ այստեղ։
•    Աշխատարաններ Շիրակի մարզի երիտասարդների համար՝ այստեղ։

Նախաձեռնության մանրամասների, դասընթացներին եւ աշխատարաններին դիմելու կարգի եւ այլ մանրամասների համար հետաքրքրվողները կարող են դիմել՝ նամակ գրելով awda.trainings@eif.am հասցեին կամ զանգահարելով +374 11 21 97 97 հեռախոսահամարին։