12:27 | 08.11.24 | Նորություններ | 12841

Ucom-ը հերթական արեւային կայանն է տեղադրել Արենիում

Վայոց Ձորի Արենի բնակավայրի նորակառույց մանկապարտեզի համար Արեւորդի ՀԿ-ի եւ Ucom-ի համագործակցության շրջանակում տեղադրվել է 10.44 կՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայան։

Համայնքի մանկապարտեզը կառուցվել է բոլորովին վերջերս եւ բացվել է սեպտեմբերին։ Շենքի նախագիծը ի սկզբանե նախատեսում էր արեւային կայան, եւ Արենի համայնքը դիմել էր Ucom-ին եւ Արեւորդի ՀԿ-ին՝ աջակցելու կայանի տեղադրման հարցում։

Արդյունքում, մանկապարտեզի տանիքին այժմ տեղադրված է արեւային կայան, որը մեծապես կնպաստի հոսանքի ծախսերի նվազեցմանը։ Իսկ ապագայում հոսանքով ջեռուցման անցնելու դեպքում գեներացված հոսանքը ամբողջապես կապահովի նաեւ այդ կարիքները։

«Շատ ուրախալի է, որ մեր մարզերում կառույցներն ի սկզբանե նախատեսում են կայուն էներգիայի օգտագործման մեթոդներ, եւ Ucom-ը հնարավորության դեպքում սիրով միանում է նման նախաձեռնություններին։ Մեր ցանկությունն է, որ կայուն ապրելակերպը Հայաստանում դառնա սովորություն։ Հատկապես հաճելի է, որ նման նախաձեռնություններից շահում են մեր փոքրիկները» - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Կայուն էներգիայի գեներացման աղբյուրներ ստեղծելը չափազանց կարեւոր եւ արդյունավետ է համայնքի զարգացման համար։ Սրանք նաեւ այն լավագույն օրինակներն են, երբ արված աշխատանքը անմիջապես տնտեսական դրական ազդեցություն է ունենում՝ ցույց տալով բնահեն լուծումների կարեւորությունը», - ասել է Արեւորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

«Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Ucom-ին եւ Արեւորդի հասարակական կազմակերպությանը համայնքին ցուցաբերած այս օժանդակության համար: Արեւային կայանը զգալիորեն կկրճատի համայնքային ծախսերը եւ տաքություն ու ջերմություն կպարգեւի Արենիի մանուկներին», - ասել է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Արենիի մանկապարտեզ այժմ հաճախում է շուրջ 80 երեխա, սակայն շենքն ունի միաժամանակ 120 երեխա ընդունելու ներուժ։ Նորակառույց շենքը ինտեգրել է ճարտարապետական նոր ու ժամանակակից լուծումներ, որոնք նախատեսված են երեխաների առօրյան հնարավորինս ապահով ու հետաքրքիր դարձնելու համար։ Տեղադրված կայանը նույնպես կնպաստի այդ նպատակին՝ միաժամանակ լինելով համայնքի կայունության ու բնապահպանական լուծումների լավագույն օրինակներից մեկը։