15:26 | 07.11.24 | Նորություններ | 1252

Կանադան արգելել է TikTok-ի գործունեությունը երկրում

Կանադայի կառավարությունը պահանջել է, որ TikTok Technology Canada-ն ազգային անվտանգության ռիսկերի պատճառով դադարեցնի իր գործունեությունը երկրում, գրում է WSJ-ը:

Թե կոնկրետ ինչ ռիսկեր են առկա, իշխանությունները չեն հստակեցրել։ TikTok-ը հայտարարել է, որ տեղական գրասենյակների փակումը եւ «հարյուրավոր» աշխատատեղերի կրճատումը «չի բխում ոչ մեկի շահերից», նշում է Reuters-ը։ Սոցցանցը, որը պատկանում է չինական ByteDance-ին, նախատեսում է բողոքարկել այս որոշումը։

Չնայած պահանջին՝ երկրի իշխանությունները չեն ծրագրում արգելափակել օգտատերերի հասանելիությունը հավելվածին կամ արգելել բովանդակության հրապարակումը։

Օտտավայի համալսարանի ինտերնետ իրավունքի պրոֆեսոր Մայքլ Գայստի կարծիքով՝ իշխանությունների որոշումը՝ արգելել TikTok-ի գործունեությունը, բայց ոչ հավելվածը, կարող է վատթարացնել իրավիճակը, քանի որ ծառայության հետ կապված ռիսկերը չեն վերանա, սակայն ընկերությանը պատասխանատվության ենթարկելը ավելի դժվար կլինի։

2023 թվականին Կանադան, ԱՄՆ-ի օրինակին հետեւելով, արդեն արգելել է TikTok-ի օգտագործումը պաշտոնյաների սարքավորումներում անվտանգության նկատառումներով։