Նոյեմբերի 2-ին տեղի կունենա «Խելացի ռոբոտները արտակարգ իրավիճակներում» թեմայով ԱրմՌոբոտիքս ռոբոտաշինության հայաստանյան 16-րդ պատանեկան առաջնությունը։
Առաջնության ընթացքում սիմուլյացիոն դաշտի վրա ռոբոտները կկատարեն արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացող խնդիրներ ու առաջադրանքներ՝ օրինակ դեղատուփ տեղափոխել, կրակ հանգցնել, հաղթահարել խոչընդոտներ եւ այլն։
Մրցույթի նպատակն է խրախուսել եւ հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի եւ ճարտարագիտական դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը, մեծացնել ճարտարագիտական մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաեւ զարգացնել նորարարական մտածելակերպը։ Այն նաեւ հանդիսանում է հարթակ ռոբոտաշինությամբ եւ ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։
Կրտսեր տարիքային խմբի 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը միասին 1 100 000 դրամ կստանան: Ավագ տարիքային խմբի 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը միասին՝ 1 500 000 դրամ։
Մրցույթը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային Կառավարման Պետական Ակադեմիան, Devsoft Armenia-ն, Հայաստանի Ամերիկյան Համալսարանը եւ Մերիդիան էքսպո կենտրոնը: