11:49 | 31.10.24 | Նորություններ | 1259

Կապի թանգարանում կայացել է Գիտության շաբաթվա մրցանակաբաշխությունը

Գիտության շաբաթվա մրցանակաբաշխությունը Կապի թանգարանում էր համախմբել տաղանդաշատ երիտասարդների։

Պարգեւատրվել են «Գիտության շաբաթը` իմ աչքերով», «Աստղային հորիզոն» եւ «ԳիտաCon» անվանակարգերի հաղթողները։

Նկարչական անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացել է Ջիմ Հովհաննիսյանի «Մեծ պայթյուն» աշխատանքը, գրական մրցույթում հաղթող է ճանաչվել Արթուր Առաքելյանի «Ուտոպիայի գինը» պատմվածքը, իսկ կոմիքսների անվանակարգում առաջին հորիզոնականն է զբաղեցրել Լուսինե Պետրոսյանի «Իսկ ի՞նչ, եթե ստացվի» նախագիծը:

«Երբ սկսեցի մտածել, թե ինչ նկարեմ մրցույթի համար, անմիջապես հասկացա, որ իմ թեման լինելու է տիեզերքը։ Մտածեցի, որ սպիտակ խոռոչը համապատասխանում է այս գաղափարին․ այն, ի տարբերություն սեւ խոռոչի, ոչ թե կլանում, այլ ժայթքում եւ տարածում է մատերիան։ Սակայն դրա գոյությունը դեռեւս գիտականորեն ապացուցված չէ։ Աշխատանքի ընթացքում հասկացա, որ նկարս ավելի շատ Մեծ պայթյունի նման է ստացվում, որը համարվում է տիեզերքի, ամեն ինչի՝ այդ թվում մեր կյանքի սկիզբը։ Իհարկե, սա ավելի շատ մաքուր գիտաֆանտաստիկա է։ Ես պատկերացում չունեմ, թե ինչ տեսք է ունեցել Մեծ պայթյունը․ սա պարզապես իմ մեկնաբանումն է», - ասել է «Գիտության շաբաթը՝ իմ աչքերով» մրցույթում առաջին տեղը զբաղեցրած 16-ամյա Ջիմ Հովհաննիսյանը։

Մրցույթների հաղթողները ստացել են խելացի հեռախոսներ, պլանշետներ, ինչպես նաեւ խելացի ժամացույցներ: Մրցանակները հանձնել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:

«Մեզ համար կարեւոր է խթանել երիտասարդների հետաքրքրությունը գիտության հանդեպ եւ աջակցել նրանց ստեղծագործական մտքի զարգացմանը: Այսօրվա մրցանակակիրները ցույց տվեցին, որ գիտությունը կարող է ոգեշնչման անսպառ աղբյուր լինել արվեստի համար», - նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:

Խոսելով մրցույթի մասին՝ Գիտուժ նախաձեռնության գործառնական տնօրեն Լիլիթ Մարգարյանն ասել է, որ արդյունքները տպավորիչ են թե՛ մասնակցության դիմումների քանակով, թե՛ ներկայացված բովանդակության մակարդակով․

«Սա Գիտուժի եւ Team Telecom Armenia-ի առաջին քայլն էր՝ Գիտության շաբաթվա շրջանակում ոգեշնչելու Հայաստանի ստեղծարար համայնքներին ստեղծագործել գիտության թեմայով։ Մեծ ուրախությամբ նշում ենք, որ այս նախաձեռնությունը հաջողությամբ իր ավարտին հասավ։ Վստահ ենք, որ այս փորձը պետք է դարձնել շարունակական՝ նպաստելով Հայաստանում գիտական երեւակայության եւ ստեղծարար մտածողության զարգացմանը»։

Team Telecom Armenia-ն, հանդիսանալով Գիտության շաբաթվա գլխավոր գործընկեր, շարունակում է աջակցել երիտասարդ տաղանդների զարգացմանը եւ գիտության հանրայնացմանը Հայաստանում: