16:49 | 20.09.24 | Նորություններ | 6321

Հայտնի են «Մեկնարկի՛ր» ծրագրի լավագույն ստարտափ գաղափարները

«Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն եւ «Մեդիամաքս» մեդիա-ընկերությունը Viva-ի գլխավոր գործընկերությամբ ամփոփել են ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված «Մեկնարկի՛ր» ծրագիրը։

Երկու փուլով իրականացված «Մեկնարկի՛ր» ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են հաջողակ ընկերությունների փորձը, ծանոթացել ներդրումներ ներգրավելու առանձնահատկություններին, իսկ մենտորների հետ աշխատարանների ընթացքում՝ հղկել եւ բարելավել իրենց գաղափարները։

Մասնակիցները ստացել են մի շարք հարցերի պատասխաններ: Մասնավորապես՝ ինչպե՞ս հաջողել ստարտափ հիմնելու հարցում, օգտագործել տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, նախասիրությունը դարձնել նախագիծ, ապա՝ պահանջված բիզնես, եւ նպաստել երկրի զարգացմանը:

«Ծրագրի արդյունքում մենք բացահայտեցինք, թե ինչ պայծառ երիտասարդներ ունենք Երեւանում եւ մարզերում։ Ներգրավված ստարտափ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու մենտորները նրանց օգնեցին հարստացնել պատկերացումներն ու գիտելիքները ստարտափ էկոհամակարգի մասին։ Հույս ունեմ, որ մասնակիցները հետագայում նույն ոգեւորությամբ կշարունակեն իրենց գաղափարների իրականացումը»,- ասել է «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադեւոսյանը։

Երիտասարդներն իրենց երեւակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը դրսեւորել են ամենատարբեր նախագծերով: Գրեթե բոլորը նախապատվություն են տվել հասակակիցների զարգացմանն ու նրանց հետաքրքրությունների բավարարմանն ուղղված գաղափարներին: Ծրագրի մասնակիցներն առաջարկել են ստեղծել նորարարական հարթակներ, թեմատիկ քվեսթ սենյակներ, սահմանամերձ բնակավայրերի աշակերտների համար կառուցել աստղադիտարան, երիտասարդների շրջանում հետաքրքրություն ձեւավորել կավագործության նկատմամբ եւ այն դարձնել գործող բիզնես, ինչպես նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ զարգացնել զբոսաշրջությունը եւ այլն:

«Ամեն անգամ, երբ մասնակցեք տարբեր ծրագրերի, փորձեք ստանալ առավելագույնը, ճանաչել ձեզ, հասկանալ ձեր նախասիրություններն ու բացահայտել հնարավորությունների առավելագույն շեմը: Եղեք նախաձեռնող, հետեւողական եւ համարձակ: Որքան վաղ սկսեք  ինֆորմացիոն օգտակար բազա ստեղծել ձեզ համար, այնքան արագ կկարողանաք հասնել ձեր առջեւ դրված նպատակներին: Ներկայացված աշխատանքները թույլ են տալիս արձանագրել, որ մեր երիտասարդությունն ունի վերլուծական միտք եւ ստեղծագործելու մեծ ներուժ, ինչը կարեւոր է՝ արագ տեմպերով զարգացող արհեստական բանականության նետած մարտահրավերներին դիմակայելու, կողք կողքի ապրելու համար: Վստահ եմ, որ ծրագրի շրջանակում ստացած գիտելիքն ու փորձը ճանապարհ հարթելու անհրաժեշտ բանալի կդառնան ձեր կյանքի տարբեր փուլերում: Շնորհավորում եմ ձեզ ծրագիրը հաջողությամբ անցնելու առիթով եւ մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ծրագրում ընդգրկված 12 մասնակցից ավարտական փուլ է հասել 7-ը: Նրանք իրենց ստարտափ նախաձեռնությունների գաղափարները ներկայացրել են ժյուրիին։ Լավագույն երեք գաղափարներն արժանացել են խրախուսական դրամական պարգեւների: Առաջին տեղի համար (Աննա Ծատրյան) հատկացվել է 500 հազար դրամ, 2-րդ (Լարիսա Հովհաննիսյան) եւ 3-րդ (Սոֆիկ Կարապետյան) տեղերի համար,  համապատասխանաբար, 300 հազար եւ 200 հազար դրամ։