18:04 | 30.08.24 | Նորություններ | 2118

Fastex-ն աջակցում է WCIT 2024/DigiTec-ին

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում անցկացվելիք WCIT Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում Fastex-ի եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջեւ կնքվել է հուշագիր։

Ձեռք բերված համագործակցության շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միության կողմից կկազմակերպվի Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2024/DigiTec -ը, կանցկացվի նաեւ «Դիջիթեք 2024» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը «Մերիդիան» էքսպոկենտրոնում։

Հուշագրի կնքման արարողությանը մասնակցել են «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը, WCIT2024/DigiTec կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ինչպես նաեւ՝ Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը։



«Սա շատ կարեւոր միջոցառում է Հայաստանի համար։ Որպես փոքր երկիր, այն պետք է աշխարհին ցույց տա, որ կարող է դառնալ նորարարությունների կենտրոն։ Ֆասթեքսը՝ որպես ոլորտի առաջատար, ուրախ է իր աջակցությունն ունենալ այս միջոցառման կայացմանը», - նշել է Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը։

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է. «Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը կայացավ, եւ մենք համատեղ ուժերով կկարողանանք Հայաստանը ներկայացնել որպես տարածաշրջանում տեխնոլոգիական եւ նորարարական կենտրոն։ Շնորհակալ եմ համագործակցության համար, այն իրապես շատ կարեւոր է WCIT 2024/DigiTec-ի պատշաճ կայացման համար։ Ֆասթեքսը որպես գործընկեր բավական լուրջ ներդրում է ունենում միջոցառումների իրականացման գործում, ինչը էապես կնպաստի բարձրակարգ միջոցառման անցկացմանը Հայաստանում»։

«Համագործակցության նպատակն է Հայաստանի կողմից բարձր տեխնոլոգիաների ոլորտի բիզնեսի զարգացմանը տալ ռազմավարական կարեւորություն։ Կոնգրեսի շնորհիվ կիրականացվեն բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումներ՝ նպատակ ունենալով Հայաստանում ձեւավորել մրցունակ եւ հարմարավետ բիզնես միջավայր։ Ֆասթեքսն իր շարունակական աջակցությունը կունենա տեխնոլոգիական ոլորտի նմանօրինակ միջոցառումներին՝ զուգահեռաբար ներկայացնելով իր նորարարական պրոդուկտներն ու ծառայությունները»,- ասվում է հաղորդագրությունում: