15:56 | 28.08.24 | Նորություններ | 1778

InConcept Labs-ի եւ Safe YOU-ի համահիմնադիրները հանդիպել են «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակիցներին

«Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակիցներն արդեն ավարտական փուլում են եւ հանդիպումներ են ունենում մենտորների հետ, նրանց օգնությամբ հղկում իրենց գաղափարներն ու պատրաստվում փիչինգ միջոցառմանը։

InConcept Labs ընկերության համահիմնադիր Երեմ Խալաթյանը եւ Safe YOU ստարտափի գործառնությունների տնօրեն Լիլիթ Շախուլյանը մասնակիցների հետ քննարկել են նրանց գաղափարներն ու ներկայացրած ծրագրերը, նախապատրաստել փիչինգին։

Երեմ Խալաթյանի կարծիքով՝ տեխնոլոգիական ստարտափների դեպքում, երբ գաղափարը դեռ վաղ փուլում է, հիմնական շեշտը, գրեթե միշտ, էմոցիայի վրա է պետք դնել՝ ցույց տալով ոգեւորությունն ու սերը գաղափարի հանդեպ, տվյալ ոլորտի հետ կապող կետերը։

«Առաջին հերթին շեշտը հարկավոր է դնել պատմության եւ հիմնադրի անցած ճանապարհի վրա։ Պետք է լավ տեղյակ լինել եւ ուսումնասիրել այն շուկան, որը թիրախավորում եք։ Պետք է գիտակ լինեք ոլորտի թվերից, վիճակագրությունից։ Կարեւոր է տեսնել, թե ինչ գործող մոդելներ կան շուկայում, ինչ մրցակիցներ ունեք։ Անպայման խոսեք ձեր առանձնահատկություններից ու առավելություններից»,- ասել է Երեմ Խալաթյանը։


Մեկ այլ կարեւոր բաղադրիչ, ըստ InConcept Labs-ի համահիմնադրի, փիչում գործողությունների ժամանակացույցն ու հեռանկարը ներկայացնելն է։

«Բիզնես մոդելը պետք է հստակ լինի, հասկացեք՝ ովքեր են ձեր հաճախորդները, ինչպես են գտնելու ձեզ ու գալու ձեր հարթակ։ Թիմին ներկայացրեք՝ ովքեր են ու ինչ մասնագետներ, ինչ փորձ ունեն եւ ինչպես են օգնում ստարտափի զարգացմանը»,- հավելել է նա։

Լիլիթ Շախուլյանի խոսքով՝ փիչինգի մոտեցումները կարող են տարբեր լինել՝ կախված լսարանից, սակայն բոլոր դեպքերում շատ կարեւոր է հստակությունը խնդիրը ձեւակերպելիս եւ փաստարկները հիմնավորելիս։

«Փիչինգի հիմնական նպատակը գաղափարի իրական ու իրագործելի լինելը համոզելն է։ Պետք է հստակ ձեւակերպել, թե ինչ խնդիր եք տեսնում ու ներկայացնել դրա լուծումը՝ ինքնին ձեր պրոդուկտը, որը մշակում եք։ Բացի այդ, շատ կարեւոր է կայունության կամ բիզնես մոդելը ներկայացնելը»,- նշել է նա։

Լիլիթ Շախուլյանի խոսքով՝ թվային պրոդուկտ ստեղծելը բավականին բարդ ու բազմակողմանի պրոցես է։ Հարկավոր է լավ մտածել ու մշակել դրա գործառնական հատվածը, եկամտի աղբյուրները, մեծ գաղափարը բերել իրատեսության դաշտ։


«Պատմությունը համառոտ, բայց գրավիչ պետք է լինի։ Ուշադրություն է հարկավոր դարձնել նաեւ ժամանակի սահմանափակումներին, սովորաբար փիչերը ունենում են 3 րոպե տեւողություն, պետք է ամբողջ ինֆորմացիան փորձել փոխանցել հենց այդ ժամանակում»,- եզրափակել է նա։

Ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված «Մեկնարկի՛ր» ծրագիրն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ։