Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) Ստարտափ ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտադիմումներ 15-րդ շրջափուլի համար։
Ծրագիրը նախատեսված է հատուկ նրանց համար, ովքեր ունեն նորարարական գաղափար եւ մտադիր են այն վերածել բիզնեսի։ Կարող են դիմել բոլոր ցանկացողները. ՀԱՀ ուսանող կամ շրջանավարտ լինելը պարտադիր պայման չէ:
EPIC ստարտափ ինկուբատորը 15 շաբաթ տեւողությամբ ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարներ ունեցող թիմերը զարգացնում են իրենց գաղափարները եւ ձեռքբերում առաջին հաճախորդներին: Ծրագրի ընթացքում թիմերը կմասնակցեն սեմինարների, կիրականացնեն հաճախորդների հայտնաբերման եւ զարգացման գործընթացներ։
Նախատեսված է նաեւ յուրաքանչյուր թիմի համար, տարբեր ձեւաչափերով հանդիպումներ հաջողակ ձեռներեցների ու ներդրողների հետ, ինչպես նաեւ անվճար իրավաբանական խորհրդատվություն/աջակցություն ՀԱՀ-ից։ Դեմո օրվա ընթացքում լավագույն ստարտափները կստանան դրամական մրցանակներ:
Աշխատանքային լեզուն անգլերենն է։ Ծրագիրը նախատեսված է միայն թիմերի, ոչ թե անհատների համար։ Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է, հայտը լրացնել հնարավոր է այստեղ:
2017 թվականից ի վեր EPIC Ինկուբացիան դարձել է ավելի քան 130 ստարտափի եւ 320-ից ավելի ձեռնարկատերի կատալիզատոր՝ նրանց մղելով դեպի ստարտափ էկոհամակարգի սիրտը: