12:26 | 31.07.24 | Նորություններ | 1389
Team Telecom Armenia-ի եւ Թումոյի միջեւ ռազմավարական գործընկերությունն ընդլայնվում է՝ ներառելով եւս մեկ կրթական նախագիծ։
Խոսքը Թումո ճամբարի մասին է, որի շրջանակում մասնակիցները ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, հաստատում կապեր ամբողջ աշխարհից պատանիների հետ, ինչպես նաեւ վայելում ակտիվ մշակութային եւ ժամանցային ծրագիր: Team-ի աջակցության շնորհիվ այս տարի ամառային ճամբարին մասնակցելու հնարավորություն են ունեցել նաեւ արցախցի պատանիներ։
Հինգ շաբաթ տեւող Թումո ճամբարն այս անգամ անցկացվել է Երեւանում եւ Դիլիջանում։ Յուրաքանչյուր շաբաթ փոխվում էին մասնակիցները, եւ ըստ նրանց հետաքրքրությունների՝ փոխվում էր նաեւ ծրագրի բովանդակությունը։
«Թումո ամառային ճամբարում ես ինձ համար նոր ոլորտ բացահայտեցի՝ ծրագրավորումը։ Մինչ այդ պատկերացում չունեի ծրագրավորման մասին եւ կարծում էի, որ ինձ մոտ չի ստացվի։ Հիմա ես շատ եմ ուզում հետագայում ավելի շատ ուսումնասիրել այդ թեման։ Ճամբարի ընթացքում ծանոթացա այլազգի երեխաների հետ ու շատ բան սովորեցի նրանց երկրների եւ մշակույթի մասին։ Շատ ուրախ էի նաեւ ճամբարի ընթացքում արցախցի իմ ընկերներին կրկին հանդիպելու համար։ Մի խոսքով՝ ունեցա նոր ընկերներ, ստացա գիտելիքներ եւ հաճելի ժամանակ անցկացրի»,- ասել է ճամբարի մասնակից Էլեն Դանիելյանը, որը եղել է նաեւ Թումո Ստեփանակերտի ուսանող։
Team-ը խթանում է տեխնոլոգիական կրթությունը, եւ արցախցի պատանիների ներգրավումը Թումո ճամբարում այդ ջանքերի կարեւոր մասն է կազմում: Սա պատանիներին հնարավորություն կտա զարգացնել իրենց թվային հմտությունները եւ ինտեգրվել տեխնոլոգիական աշխարհին։ Կրթական բաղադրիչից բացի, ճամբարը նաեւ մշակութային կամուրջ է ստեղծել՝ թույլ տալով պատանիներին շփվել իրենց հասակակիցների հետ Հայաստանից եւ արտերկրից։
Ճամբարն ուներ հագեցած կրթական եւ ժամանցային բաղադրիչներ։ Մասնակիցները սովորել են Թումոյի հիմնական ծրագրի ուղղություններում՝ ծրագրավորում, լուսանկարչություն, երաժշտություն, ինչպես նաեւ խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, անիմացիա, 3D մոդելավորում ու ռոբոտաշինություն։ Նրանք այցելել են պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցել տարատեսակ սպորտային խաղերի, իսկ ճամբարի ավարտին ներկայացրել իրենց նախագծերը։
Team Telecom Armenia-ն եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրել էին հուշագիր Հայաստանում արդեն գործող եւ առաջիկայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին ինտերնետով ապահովելու վերաբերյալ: