10:50 | 31.07.24 | Նորություններ | 1458

Հայտնի են Սեւան Ստարտափ Սամմիթ 2024-ի հաղթողները

«Սեւան Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումը 7 օրյա բովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենտորային հանդիպումներից եւ ակտիվ ժամանցային ծրագրերից հետո ամփոփել է արդյունքները։

«Սեւան Ստարտափ Սամմիթ 2024»-ին մասնակցում էր մոտ 150 ստարտափ եւ 250-ից ավելի բանախոս աշխարհի շուրջ 40 երկրից։ Սամմիթի մասնակիցների եւ այցելուների թիվը գերազանցել է 10 հազարը։

Փակման արարողությանը ամփոփվել են starter եւ booster ծրագրերի արդյունքները, հրապարակվել հաղթողների անունները: Սամմիթի գաղափարի գեներացման եւ կայացման փուլում գտնվող ստարտափների համար իրականացվել է հատուկ մշակված ինկուբացիոն ծրագիր, իսկ զարգացման փուլում գտնվող ստարտափների համար իրականացվել է միկրոաքսելերացիոն կրթական ծրագիր, որը վարում էին Սիլիկոնյան հովտից ժամանած Nexus Partners-ի եւ Antler-ի ներկայացուցիչները եւ աշխարհի ամենամեծ աքսելերացիոն ծրագիր Techstars-ի հիմնադիրը:

Այս տարի Սեւան Ստարտափ Սամմիթի շրջանակում անցկացվել է եւս 3 միջոցառում` Energy Transition and Entrepreneurship Summit-ը, Sevan EV Rally 2024-ը եւ Sevan Agritech Summit-ը, որի հաղթող է ճանաչվել Hoviv թիմը Հայաստանից։

Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող եւ ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթող է ճանաչվել Orion E-Mobility ստարտափը։

Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափներ, հաղթողն է Lioncharge ստարտափը։

Միջոցառման շրջանակում Triple-S վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը եւ ներդրումների թիվը գերազանցել է $100 հազարը։

Մինչ օրս Սիսայդ Ստարտափ Սամիթ նախագծի 11 միջոցառմանը ներգրավվել է մոտ 45,000 մասնակից՝ աշխարհի շուրջ 60 երկրից: Ավելի քան 1500 ստարտափ ընկերությունից շատերը գրանտային մրցանակներ են ստացել շուրջ 550 000 ԱՄՆ դոլարի հասնող մրցանակային ֆոնդից։ Նախագծի շրջանակում կատարված ներդրումների եւ ներդրումային պայմանավորվածությունների ընդհանուր թիվը գերազանցում է 5 միլիոն ԱՄՆ դոլարը։