11:33 | 18.07.24 | Նորություններ | 1360

«Ազնավուր» գերհամակարգչից անվճար օգտվելու հնարավորություն

Հետազոտական ինստիտուտների, կրթական հաստատությունների եւ բարձր արտադրողականության հաշվարկների ու մեծ տվյալների վերլուծության հետ առնչվող տեխնոլոգիական եւ այլ կազմակերպությունները կարող են անվճար օգտվել «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից։

«Ազնավուր» գերհամակարգիչն ունի 24480 միջուկ եւ 39 ՏԲ օպերատիվ հիշողություն, ինչը թույլ է տալիս մշակել մեծածավալ տվյալներ եւ կատարել բարդ հաշվարկներ: Այն ունի 1,5 ՊԲ «հում» ունակությամբ տվյալների պահոց, ինչը արդյունավետ պահպանում է մեծաքանակ տվյալներ: Infiniband FDR միջմիացումն ապահովում է տվյալների արագ փոխանցում հանգույցների միջեւ:

Ունենալով 861,7 Տֆլոպս/վ առավելագույն տեսական արտադրողականություն՝ «Ազնավուր» գերհամակարգիչը բացառիկ գործիք է տարբեր ոլորտներում հետազոտությունների եւ մշակումների համար, մասնավորապես՝

•    բնագիտություն,
•    երկրագիտություն,
•    ֆիզիկա,
•    ճարտարագիտություն,
•    տվյալագիտություն,
•    համակարգչային գիտություն,
•    արվեստ եւ ստեղծարար տեխնոլոգիաներ:

Հզոր գերհամակարգիչը նախագծերը եւ հետազոտությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն է տալիս։ Հայտերը հարկավոր է լրացնել այստեղ։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել anscc@eif.am էլ․ փոստի հասցեով։

Նախաձեռնությունն իրականացնում են ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։