17:23 | 01.07.24 | Նորություններ | 1790

«Վիվա Արմենիա»-ն այսուհետև կներկայանա Viva ապրանքային նշանի ներքո

«Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունն այսուհետև Վիվա-ՄՏՍ-ի փոխարեն շուկայում կներկայանա Viva ապրանքային նշանի ներքո:

«Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը, ընկերության նոր դիրքավորումը շուկայում ու զարգացման նոր ռազմավարությունը: Viva-ն իր մեջ կրում է ընկերության նորացված ինքնությունը՝ խորհրդանշելով շուկայում զբաղեցրած նոր դիրքերն ու հնարավորությունները, ժամանակակից նոր ծառայությունները, հաճախորդների ու մյուս շահառուների նոր ընկալումները ծառայությունների, որակի և ընկերության արժեհամակարգի վերաբերյալ: Նոր ապրանքային նշանն ընկերության նոր ուղերձն է՝ ի պատասխան իր բաժանորդների նոր ակնկալիքներին:

Ընկերության թվային վերափոխման անցած ուղին տվել է շոշափելի արդյունքներ. լայն պահանջարկ վայելող թվային նոր ծառայություններ ու լուծումներ, հաջողված մուտք շուկայի նոր ոլորտներ՝ տվյալագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների օր օրի մեծացող կիրառմամբ:



Viva նորացված ապրանքային նշանը նորովի է փոխանցում ընկերության հիմնական գաղափարը՝ Viva-ի տեխնոլոգիական կարողությունների ծառայեցումը մարդու ու լայն առումով՝ հասարակության կարիքներին:

Նոր կարգախոսը՝ Քո շուրջը, խորհրդանշում է Viva-ի էությունը՝ լինել հաճախորդի կյանքի ուղեկից, ապահովել անհրաժեշտ կապն աշխարհի հետ և ընձեռել զգացմունքները լիաթոք արտահայտելու հնարավորություն», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

«Viva-ն այսօր շատ ավելին է, քան կապի օպերատոր. այն թվային ծառայություններ ու լուծումներ առաջարկող տեխնոլոգիական խոշորագույն ընկերություն է, որը ներկա է շուկայի ամենատարբեր ոլորտներում: Viva-ի մրցակցային առավելություններից են թվային փոխակերպման տեմպը, հզոր բիզնես-էկոհամակարգերը, զարգացման ուղղությունների դիվերսիֆիկացիան, սահմանված նպատակներին հասնելու պրոֆեսիոնալ հմտությունների տիրապետող թիմը, կորպորատիվ կառավարման գործող համակարգը, հիմնական ցուցանիշների կայուն աճը, բաժանորդների գոհունակությունն ու հավատարմությունը: Այս ամենի հանրագումարում է՛լ ավելի է արժևորվում Viva բրենդի հեղինակությունը: Viva-ն հայկական տնտեսության օրինակելի ընկերություններից է և երկրի տնտեսական աճի հիմնասյուներից մեկը», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:


Հայաստանի Հանրապետությունն ընկերությունում ունի 20% բաժնեմաս: Ընկերության բաժնետոմսերի մնացած 80%-ի սեփականատերն է «ՖԵԴԻԼՔՈ ԳՐՈՒՊ ԼԻՄԻԹԻԴ» ընկերությունը: 2024 թվականի սկզբից ընկերությունն այլևս ՄՏՍ խմբի մաս չի կազմում:

Ասուլիսի ընթացքում Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը տեղեկացրել է, որ՝

1)    Հուլիսի 1-ից տեղի է ունենալու լայն պահանջարկ վայելող «UNLIM» հետվճարային սակագնային պլանի ամսավճարի իջեցում՝ 4500-ից 3900 դրամի:

2)    Y հետվճարային սակագնային պլանում ավելանում է YouTube-ը, առանց հիմնական ինտերնետ փաթեթը սպառելու, ակտիվացման գումարը՝ 3000 դրամ, իսկ ներառված ինտերնետ թրաֆիկը 20 ԳԲ-ից դառնում 30ԳԲ:

3)    Դեպի արտերկիր ուղևորությունների ակտիվ շրջանում՝ Viva-ի բաժանորդնորի համար «ՎՈՅԱԺ 30» փաթեթի արժեքը 4000 դրամից դառնում է 2000 դրամ, պարունակում է 1000 ՄԲ ինտերնետ՝ մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ:

4)    «Wi-Fi Calling» ծառայությունը համալրվում է SMS ուղարկելու հնարավորությամբ, որը «Wi-Fi Calling» ծառայության տրամաբանական շարունակությունն է: «Wi-Fi Calling»-ը կարող է օգնության հասնել այն վայրերում, որտեղ բջջային կապը համեմատաբար թույլ է, օրինակ՝ երբ գտնվում եք ստորգետնյա, կիսանկուղային տարածքներում, ամառանոցներում և ցանկացած այլ վայրում, որտեղ կապն անկայուն է, բայց առկա է Wi-Fi ցանց։ Անգամ արտերկրում Wi-Fi Calling»-ի միջոցով կատարված զանգը համարվում է տեղական, այսինքն՝ խոսում եք նույն գնով, ինչ Հայաստանում: Պարտադիր չէ, որ «Wi-Fi Calling»-ով զանգահարելիս զանգը ստացող անձը նույնպես ունենա ակտիվ «Wi-Fi Calling» ծառայություն, որպեսզի կարողանա պատասխանել զանգին: