10:59 | 01.07.24 | Նորություններ | 1905

Երեւանում մեկնարկել է Մեծ լեզվական մոդելների 1-ին ամառային դպրոցը

Հայաստանում մեկնարկել է Մեծ լեզվական մոդելների (LLM) առաջին ամառային դպրոցը, որի նպատակն է կրթել մեքենայական ուսուցման (ML) բնագավառում մասնագիտացված հետազոտողներ եւ ճարտարագետներ։

Ամառային դպրոցում դասավանդելու են առաջատար գիտնականներ Հարավային Կալիֆորնիայի համալսարանից (USC), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT), Google Research-ից, Լոնդոնի համալսարանական քոլեջից (UCL), Կոպենհագենի համալսարանից (UCPH), Ամազոն եւ Մետա ընկերություններից:

Հայաստանից ավելի քան 70 մասնակից՝ տարբեր ԲՈւՀ-երի ուսանողներ, տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցներ եւ հետազոտողներ, կուսումնասիրեն Մեծ լեզվական մոդելների բնագավառի տարբեր տեսական եւ գործնական թեմաներ՝ կիրառելով իրենց գիտելիքները պրակտիկ խնդիրների լուծման համար:

Ամառային դպրոցի կազմակերպչական աշխատանքներին աջակցել է «Երեւանէն» հիմնադրամը։ Դպրոցը հյուրընկալում է Հայաստանի ամերիկյան համալսարանը։

Ամառային դպրոցի կազմակերպմանն աջակցել է եվրոպական «Nebius AI» ընկերությունը։ Վերջինս դպրոցի անցկացման համար տրամադրել է անհրաժեշտ հաշվողական ենթակառուցվածքը: Յուրաքանչյուր ուսանող կունենա մեկ H100 GPU-ի հասանելիություն դպրոցի ողջ ընթացքում: Ընկերության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ տեղում գործնական աջակցություն ցուցաբերելու համար:

«Picsart» ընկերության, ինչպես նաեւ տեխնոլոգիական ձեռներեց Վահե Կուզոյանի աջակցությամբ Հայաստան են հրավիրվել մի շարք առաջատար գիտնականներ:

«Այս դպրոցը կարեւոր քայլ է Հայաստանի AI համայնքի զարգացման համար։ Այն ոչ միայն հնարավորություն է տալու կարեւոր գիտելիքներ ձեռք բերել, այլ նաեւ ծանոթանալ եւ աշխատել մեքենայական ուսուցման բնագավառի առաջատար գիտնականների հետ»,- նշել է դպրոցի համակազմակերպիչ պրոֆեսոր Արամ Գալստյանը:

Ամառային դպրոցի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ։