13:01 | 26.06.24 | Նորություններ | 1758

Ճապոնիայում Թումո կենտրոնը կբացվի

Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի 2025 թվականին:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը տեղեկացնում է, որ Ճապոնիայի Տակասակի քաղաքում Թումոյի ղեկավարներ Մարի Լու Փափազյանը եւ Բեկոր Փափազյանն ու Գունմա պերֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն ստորագրել են համաձայնագիր, ըստ որի Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման դռները կբացի գալիք տարվա ամռանը:

«Համոզված եմ, որ Թումո Գունման կդառնա մեր երկրում բազմաթիվ Թումո կենտրոններից առաջինը եւ ճանապարհ կհարթի դեպի ավելի ամուր ՏՏ հարաբերություններ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ», - նշել է Իչիտա Յամամոտոն:

Թումոյի հեղինակային կրթական ծրագրի կիրառմամբ՝ կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանու:

«Թումոն սովորելու մասին է: Մեզ համար կարեւոր է ինչպես ճապոնացի պատանիներին սովորելու նոր հնարավորություններ ընձեռելը, այնպես էլ միջազգային գործընկերներից սովորելը», - ասել է Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանը:

Ներկայում Թումո կենտրոններ են գործում աշխարհի ութ քաղաքում՝ Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհեյմում, Կոիմբրայում, Կիեւում, Տիրանայում եւ Բեյրութում: Նախատեսվում է նաեւ բացել նոր կենտրոններ Ամստերդամում, Լոս Անջելեսում եւ մի քանի այլ քաղաքներում: