12:07 | 26.06.24 | Նորություններ | 15250

Վիվա-ՄՏՍ. կանաչ տեխնոլոգիա՝ Գոմքում

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ֆերմերներին աջակցելու արդյունավետ լուծում են ընտրել. գործի են դրել ժամանակակից կանաչ տեխնոլոգիաները:

Արեւային էներգիայով սնուցվող էլեկտրական ցանկապատման համակարգերն անվնաս են կենդանիների համար եւ անփոխարինելի՝ տնտեսությունը զարգացնելու հարցում: Վերջերս Վայոց ձորի մարզին տրամադրված քսան համակարգից հինգը հատկացվել է Վայք համայնքին, որից կօգտվի նաեւ Գոմք գյուղում մեղվաբուծությամբ զբաղվող ֆերմեր Վահե Խաչատրյանը:

«95 փեթակ ունեմ: Այս տարի արջն սկսեց գյուղ գալ ավելի շուտ՝ գարնանը: Սովորաբար աշնանն էր գալիս: Եթե «էլեկտրական հովիվը» չլիներ, մինչեւ աշուն շատ վնաս կկրեի. փեթակներից բան չէր մնա: Համակարգը տեղադրելուց հետո ավելի հանգիստ եմ: Շատ լավ է, որ կան գյուղացուն աջակցող կազմակերպություններ, որ օգնում են պահպանել տնտեսությունը: Մենք էլ զարգացնում ենք մեղվաբուծությունը: Ե՛վ մեզ համար է լավ, եւ՛ քաղաքացու. մաքուր մեղր ենք արտադրում»,-ասել է ֆերմեր Վահե Խաչատրյանը:

Կանաչ տեխնոլոգիաները մարդկությանն ու բնությանը ծառայեցնելը, ինչպես նաեւ էկոգյուղերի ցանց ստեղծելը 2019 թվականից ռազմավարական մոտեցում է դարձել Վիվա-ՄՏՍ-ի համար: Գործընկեր կազմակերպության՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ ձգտել են արեւային էներգիայով աշխատող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նպաստել կայուն զարգացմանը, կրճատել բնապահպանական ռիսկերը, զարգացնել ֆերմերային տնտեսությունները:

Կանաչ մոտեցման արդյունքում տարիների ընթացքում ֆերմերներին է տրամադրվել 50 «էլեկտրական հովիվ»: Դրանցով ցանկապատված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 475 000 քառակուսի մետր:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, բայց տհաճություն զգալով՝ դադարում են մոտենալ ցանկապատված տարածքներին: