11:41 | 20.05.24 | Նորություններ | 618

Վերաբացվել է Կապի թանգարանը

Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում վերաբացել է Կապի թանգարանը։

Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար։

Ողջունելով տելեկոմ ոլորտով հետաքրքրվող հյուրերին՝ Հայկ Եսայանը նշել է, որ, չնայած Կապի թանգարանի երիտասարդ լինելուն, այն պահպանում է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման մի քանի դարյա պատմություն․

«Հպարտ ենք, որ կարող ենք այս հարուստ ժառանգությունը ներկայացնել եւ նորարարական մտածելակերպով ոգեշնչել այցելուներին։ Team-ը, որպես Հայաստանի առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ, շարունակում է գրել ոլորտի պատմությունը՝ ներդնելով ամենաարդիական տեխնոլոգիաները: Մեր նպատակն է ոչ միայն պահպանել անցյալի ձեռքբերումները, այլեւ` ձեւավորել ապագան»։

Ուսանողներն այցելել են նաեւ ընկերության տվյալների կենտրոն, որն ամենամեծերից մեկն է Հայաստանում։ Այստեղից է ապահովվում ինտերնետ եւ թվային ծառայությունների տրամադրումը միլիոնավոր բաժանորդների՝ երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս։

Թանգարանի առաջին հյուրերից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համակարգչային ճարտարագիտություն բաժնի երկրորդ կուրսի ուսանող Միլենա Թովմասյանը, կիսվելով իր տպավորություններով, ասել է, որ այս այցելությունը թանգարան ոչ միայն հետաքրքիր էր բովանդակությամբ, այլեւ կարեւոր էր իր համար մասնագիտության նեղ ուղղությունն ընտրելու ճանապարհին։

Կապի թանգարան այցելությունը եզակի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաների զարգացման պատմությամբ, ցանկանում են տեսնել անցած դարում օգտագործված կապի սարքեր եւ ավելին իմանալ թվային հեղափոխության մասին:

Այն կգործի յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 13:00-ից 16:00-ն, իսկ խմբային այցերի համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել՝ զանգահարելով 010410410 հեռախոսահամարին կամ գրելով museum@telecomarmenia.am էլ․ հասցեին։ Թանգարանը գտնվում է Երեւանի Ազատության պողոտա 24/1 հասցեում: