17:53 | 16.05.24 | Նորություններ | 12488

«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար

Ինչպե՞ս կրթությունը դարձնել ավելի գրավիչ, բարձրացնել աշակերտների ներգրավվածությունը եւ նպաստել համայնքների զարգացմանը:

Ստարտափի միջոցով այդ հարցերին լուծում գտնելու ձգտումը վանաձորցի Լարիսային հասցրել է Երեւան: Նա դարձել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակից, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն եւ Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Լարիսան համոզված է, որ նոր միջավայրում ստացած հիմնարար գիտելիքներն ու հաջողված ստարտափ ընկերությունների փորձը կնպաստեն իր երազանքների իրականացմանը:

Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել, հետաքրքրաշարժ ու գրավիչ մեթոդներով ինտերակտիվ մթնոլորտ ապահովել եւ զարգացնել աշակերտների մտավոր ներուժը: Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն արդյունավետ կլինի, կնպաստի որոնողական համակարգերից ստացած ինֆորմացիայի մշակմանը, ինչպես նաեւ տրամաբանության, քննադատական մտածողության եւ թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:

«Պետության ամրության հիմքում կրթությունն է: Այդ պատճառով հետագայում ինչ բիզնես կամ նորարարություն նախաձեռնեմ՝ սկսելու եմ կրթության ոլորտից։ Ինձ թվում է՝ դասավանդման մեթոդի խնդիր կա: Աշակերտներին դասապրոցեսում ավելի շատ ինտեգրելուն կնպաստեն նաեւ քվեսթ սենյակները: Դրա միջոցով ինֆորմացիա որոնելը, ստանալը եւ վերլուծելն ավելի հետաքրքիր ու մոտիվացնող է: Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ խոսվում է արհեստական բանականության դերի մասին: Պետք է այնպես անել, որ մարդու գործոնը չկորցնի իր նշանակությունը: Երբ ես հարցեր եմ ունենում, առաջինը դիմում եմ հայրիկիս: Որոնողական համակարգերից օգտվում եմ իր բացակայության դեպքում: Նույնիսկ այդ ժամանակ կարեւոր է տիրապետել դրանք վերլուծելու հմտություններին: «Մեկնարկի՛ր» ծրագիրն ինձ կօգնի ստացած գիտելիքներս ճիշտ օգտագործելու, քվեսթ սենյակներ ստեղծելու եւ համայնքիս զարգացմանը նպաստելու գործում», - ասել է Լարիսա Հովհաննիսյանը:

Երկու փուլով իրականացվող «Մեկնարկի՛ր» ծրագիրը կարեւոր հարթակ է ստարտափ ստեղծող երիտասարդների համար: Հաջողակ ընկերությունների փորձը եւ մենտորների հետ աշխատարաններին մասնակցությունը նրանց կօգնեն գնահատել ծրագիր սկսելու հավանականությունը: Կրթական ծրագրի շրջանակում նախատեսված է նաեւ մրցույթ: Աշխատարաններում մշակված եւ մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգեւների: