13:17 | 07.05.24 | Նորություններ | 1707

AI deepfake-ը՝ այս տարվա Met Gala-ի գլխավոր հերոս

Արդեն երկար տարիներ մայիսի առաջին երկուշաբթին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում նշանավորվում է նորաձեւության աշխարհի ամենամեծ երեկույթով. Met Gala-ին ներկա են լինում տարբեր ոլորտների ամենահայտնի մարդիկ:

Այս տարի Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը միջոցառումը նվիրել էր «Քնած գեղեցկուհիներ․ նորաձեւության վերածնունդ» թեմային։ Այս տարի Met Gala-ն անմասն չմնաց արհեստական բանականության ազդեցությունից: X-ի օգտատերերը սկսեցին հրապարակել deepfake պատկերներ, որտեղ տարբեր հայտնիներ շքեղ զգեստներով ներկայանում են լուսանկարիչների առջեւ։



«Քեթի Փերի. Դա այն է», - ասվում է այս գրառման մեջ: Լուսանկարում Քեթի Փերին կրում է հսկայական զգեստ՝ զարդարված եռաչափ ծաղիկներով, որը վերածվում է իրատեսական տեսք ունեցող մամուռի։ Եթե պատկերին կարճ հայացք նետեք, ապա կարող եք հավատալ, որ երգչուհին ժամանել է նորաձեւության ամենամեծ երեկո՝ կրելով հենց այս զգեստը: Փերիի այս վիրուսային կերպարը, սակայն, ստեղծված է արհեստական բանականության կողմից եւ կեղծ է: Այնուամենայնիվ, այն արդեն ունի ավելի քան 10 միլիոն դիտում X-ում եւ ավելի քան 300,000 հավանում:

X-ի մեկ այլ օգտատեր հրապարակել է Փերիի մեկ այլ պատկեր, որում նա կրում է բրոնզե կորսետ։ Ի տարբերություն առաջին նկարի, այս նկարում «կարմիր» գորգն ունի ճիշտ գունապնակ եւ այս տարվա երեկույթի դեկորացիաները պահպանված են, բայց սա նույնպես կեղծ է։



Ի դեպ, Քեթի Փերին հավանել է երկու վիրուսային թվիթները, բայց չի մեկնաբանել դրանք:

Ամեն տարի Met Gala-ում Ռիհաննան ամենալավ կերպարներ կերտող աստղերից մեկն է։ Միջոցառմանը նախորդող օրերին նա երկրպագուներին խոստացել էր, որ այս տարի ժամանակին կհասնի միջոցառման ընթրիքին, որից սովորաբար ուշանում է: Սակայն օգտատերերը նրա կեղծ կերպարը չեն ուշացրել։



Չնայած 2,6 միլիոն դիտում ստանալուն, պատկերն իրական չէ։ Ինչպես Փերին, այնպես էլ Ռիհաննան ոչ մի ամսագրում չեն երեւում: Ավելին, People Magazine-ը հաղորդել է, որ Ռիհաննան ստիպված է եղել բաց թողնել երկուշաբթի երեկոյան տոնակատարությունները։

Այս տարի Զենդայան ներկայացել է կապույտ-կանաչ հեքիաթային շքեղ չարագործի հանդերձանքով։ Ժամեր անց հայտնվեց Զենդայայի նոր պատկեր՝ սեւ կաշվե երկար զգեստով, որը շատերին ստիպել էր մտածել, որ դա եւս մեկ կեղծ պատկեր է: Իրականում, հինգ տարի բացակայելուց հետո Զենդայան երկու անգամ է քայլել գորգի վրա՝ երկու տարբեր հանդերձանքով:

Համատարած գեներատիվ AI գործիքների դարաշրջանում պետք է հիշել, որ չենք կարող անվերապահորեն հավատալ այն ամենին, ինչ տեսնում ենք առցանց: