17:01 | 25.04.24 | Նորություններ | 1776
Հայաստանի կապի երեք օպերատորներ Յուքոմ-ը, Թիմ Տելեկոմ Արմենիան-ն եւ Վիվա ՄՏՍ-ը 2024թ. հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել 8.35 մլրդ դրամի հարկ:
Վճարված հարկը 4.9%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերջինների կողմից պետական բյուջե է վճարվել 7.96 մլրդ դրամի հարկ):
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Վիվա Հայաստան ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է: Այն 2024թ. առաջին եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 4.62 մլրդ դրամի հարկ, ինչը 54․7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2024թ. առաջին եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 8-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14-րդ տեղի փոխարեն:
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 1.89 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 44.8%-ով, այն ընդհանուր հարկատուների ցանկում 12-րդից դարձել է 28-րդը:
Խոշորագույն հարկատուների ցանկում երրորդը Թիմ Տելեկոմ Արմենիա ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է (31-րդ տեղ 33-րդի փոխարեն), որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել 1.84 մլրդ դրամ հարկ, ինչը 18.5%-ով ավելի է 2023թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (280-րդ տեղ՝ 166-ի փոխարեն, 0.25 մլրդ դրամ, անկում՝ 42.5%):