11:29 | 25.04.24 | Նորություններ | 1892

Հայկական CodeSignal-ն ընդգրկվել է TIME-ի վարկանիշում

Հայկական CodeSignal-ն ընդգրկվել է TIME ամսագրի 2024-ին աշխարհում լավագույն կրթական տեխնոլոգիական ընկերությունների (World’s Top EdTech Companies 2024) վարկանիշում` զբաղեցնելով 34-րդ տեղը 250 ընկերություններից:

Այս հեղինակավոր մրցանակը, որը շնորհվել է TIME-ի եւ Statista Inc.-ի կողմից, տրվում է այն ընկերություններին, որոնք ցուցադրել են բացառիկ նորարարություն եւ ազդեցություն կրթական տեխնոլոգիաների ոլորտում: Նրանք վերլուծել են ավելի քան 7000 ընկերություն՝ հաշվի առնելով արդյունաբերության ազդեցությունը, ֆինանսական հզորությունը եւ պրոդուկտի համապատասխանությունն իրենց գնահատման գործընթացում:

«Մեզ համար պատիվ է ճանաչվել աշխարհի լավագույն EdTech ընկերությունների շարքում։ Այս մրցանակը ցույց է տալիս մեր անսասան հանձնառությունը՝ օգտագործելու տեխնոլոգիաները կրթության ոլորտում դրական փոփոխությունները խթանելու համար»,- ասել է CodeSignal-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանը։

Այս տարվա սկզբին CodeSignal-ը ներկայացրել է CodeSignal Learn-ը, որն առաջարկում է անհատական ուղղորդում եւ AI-ի վրա աշխատող ուսումնական գործիքներ՝ օգնելու անհատներին զարգացնել պահանջված տեխնիկական հմտությունները: CodeSignal Learn-ի հիմքում Cosmo-ն է՝ CodeSignal-ի AI ուսուցիչն ու օգնականը, որն օգտագործում է արհեստական բանականությունն՝ անհատականացնելու կրթական փորձառություն եւ համապատասխան ձեւով ուղղորդում սովորողներին: