17:58 | 11.04.24 | Նորություններ | 1485
Ապրիլի 10-ին «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը հյուրընկալել է Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էր տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 30 ընկերության 60 ներկայացուցիչ։
Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը դիմավորել են «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ ռազմավարական գծով տնօրեն Գագիկ Արզումանյանը եւ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը։
Պատվիրակությունը շրջայց է կատարել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Fast Bank»-ի, «Fast Media»-ի, «Ucraft»-ի, «AI Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել դրանց գործունեությանը։
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ ռազմավարական գծով տնօրեն Գագիկ Արզումանյանը եւ Fastex-ի ղեկավար Վախթանգ Աբրահամյանը «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր դահլիճում պատվիրակության անդամներին ներկայացրել են առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ի եւ դրա հետ փոխկապակցված ընկերությունների գործունեությունը Հայաստանում եւ արտերկրում, ընթացիկ ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը։
Նշվել է, որ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված ու ՀՀ-ում գործող բոլոր կազմակերպություններում ներկայում աշխատում է ավելի քան 7000 անձ, իսկ 5 մայրցամաքի 16 երկրում գործող մասնաճյուղերում՝ ավելի քան 2100 անձ։
Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական, ֆինանսական, Web3, արհեստական բանականության, կրիպտոարժույթների, ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ անշարժ գույքի ոլորտներում իրականացվող նախագծերին ու պրոդուկտներին։ Մանրամասներ են ներկայացվել Fastex էկոհամակարգի եւ այդ շրջանակում տարվող թվային փոխակերպման գործընթացի վերաբերյալ։
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։