14:05 | 04.04.24 | Նորություններ | 1747

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» ՏՏ ընկերություն

Օրերս «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը եւ ԲՏԱ պաշտոնատար այլ անձինք։

Նախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանը եւ Ռոման Բադալյանը, «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը եւ այլք։ Նրանց ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, ինչպես նաեւ «Ucraft»-ի, «Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել ընթացիկ եւ զարգացման ծրագրերին։

Նախարարին ներկայացվել են «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գործունեության ուղղությունները ՏՏ ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ավելի քան 15 երկրում։ Նշվել է, որ առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնագիտացած է, մասնավորապես, ծրագրային ապահովման, ֆինանսական ծառայությունների մատուցման, Web3 նախագծերի խթանման, արհեստական բանականության եւ մետատիրույթի գործիքակազմի մշակման եւ բազմաթիվ այլ ուղղություններով։ Անդրադարձ է եղել Fastex էկոհամակարգին եւ այդ շրջանակում իրականացվող թվային փոխակերպման գործընթացին։

Հաջորդիվ կայացած քննարկմանը կողմերը մտքեր են փոխանակել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է պետություն-մասնավոր ակտիվ գործընկերությունը։