14:50 | 03.04.24 | Նորություններ | 1396

Նիկի Մինաժը, Բիլի Այլիշը, Քեթի Փերին եւ այլ երաժիշտներ՝ ընդդեմ AI-ի

200 երաժշտից բաղկացած խումբը բաց նամակ է ստորագրել եւ կոչ արել տեխնոլոգիական ընկերություններին եւ ծրագրավորողներին չխաթարել մարդու ստեղծագործ աշխատանքը՝ օգտագործելով AI երաժշտության ստեղծման գործիքները:

TechCrunch-ի փոխանցմամբ՝ արտիստների ցանկում են Բիլլի Այլիշը, Նիկի Մինաժը, Քեթի Փերին, Imagine Dragons-ը, Ջոնաս եղբայրները, Չափել Ռոանը, Էլվիս Կոստելոն, Գրետա Վան Ֆլիթը, Ջոն Բոն Ջովին, Քեյսի Մուսգրեյվսը, Մաք ԴեՄարկոն, Միրանդա Լամբերտը, Փերլ Ջեմը, Շերիլ Քրոուն, Զեյն Մալիկը եւ այլք։

«AI-ը հսկայական վտանգ է ներկայացնում մեր գաղտնիության, մեր ինքնության, մեր երաժշտության համար։ Ամենամեծ եւ ամենահզոր ընկերություններից մի քանիսը, առանց թույլտվության, օգտագործում են մեր աշխատանքը՝ արհեստական բանականության մոդելներ պատրաստելու համար: Շատ աշխատող երաժիշտների, արտիստների եւ երգահանների համար, որոնք պարզապես փորձում են ծայրը ծայրին հասցնել, սա աղետալի կլիներ»,- ասվում է նամակում:

Արհեստական բանականության մոդելները, որոնք ստեղծում են նոր երաժշտություն, գեղարվեստական գործեր վերապատրաստվում են պատրաստի աշխատանքների զանգվածային տվյալների բազաների հիման վրա։ Արդեն հնարավոր է հանրաճանաչ արտիստների համոզիչ deepfake-եր ստեղծել եւ այս տեխնոլոգիան դեռ կբարելավվի:

Որոշ ընկերություններ, ինչպիսիք են Adobe-ը եւ Stability AI-ն, աշխատում են արհեստական բանականության երաժշտական գեներատորների վրա, որոնք օգտագործում են լիցենզավորված կամ անվճար հասանելի երաժշտություն: Բայց նույնիսկ այս գործիքները կարող են բացասաբար ազդել արտիստների վրա, որոնք երաժշտություն են ստեղծում հեռուստատեսային գովազդի կամ այլ ընկերությունների համար։

Հեղինակները հանդես են եկել նաեւ ընդդեմ գեներատիվ AI-ի աճի: Հուլիսին ավելի քան 15000 գրող, այդ թվում՝ Ջեյմս Փաթերսոնը, Մայքլ Չաբոնը, Սյուզան Քոլինզը, Ռոքսան Գեյը եւ այլք, ստորագրել են նմանատիպ բաց նամակ՝ ուղղված OpenAI, Alphabet, Meta, Stability AI, IBM եւ Microsoft ընկերությունների գործադիր տնօրեններին: