11:41 | 03.04.24 | Նորություններ | 1700

    Մեկնարկել է ՏՏ կրթական պարգեւների մրցույթի հայտերի ընդունումը

    Մեկնարկում է 2024թ. տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգեւների 18-րդ մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ եւ միջնակարգ դպրոցների 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանի աշակերտների համար։

    Մրցույթի նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելն ու խրախուսելն է։

    Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով․
    •    առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչի մասնակիցները,
    •    եզրափակիչ փուլում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարցազրույցի արդյունքում կորոշվեն հաղթողները։

    Առաջին փուլը կանցկացվի մայիսի 22-ին։

    Մասնակցության հայտը հնարավոր է լրացնել այստեղ։ Գրանցմանն անմիջապես կհաջորդի թեստային հարցումը, որի ընթացքում կտրվի 50 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր։ Գրանցման եւ թեստավորման համար տրամադրվում է 1 ժամ 30 րոպե։ 45-ից ավելի միավոր հավաքած աշակերտները կդառնան եզրափակչի մասնակից, ինչի վերաբերյալ թեստավորման համակարգի կողմից կստանան լրացուցիչ տեղեկատվություն։

    Հաղթողները կստանան խորհրդանշական նվերներ, վկայական եւ դրամական պարգեւ:

    Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից: