16:35 | 02.04.24 | Նորություններ | 16644

Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը

Ucom ընկերության եւ «Արեւորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում հերթական արեւային կայանն է տեղադրվել՝ այս անգամ Վանեւան համայնքում։

9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանը կապահովի համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով։

Նման կանաչ լուծումը ոչ միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի շրջակա միջավայրի վրա, այլեւ թույլ կտա համայնքին որոշակի միջոցներ տնտեսել եւ ուղղել դրանք այլ կարեւոր խնդիրների լուծմանը։

«Շրջակա միջավայրը մեզ համար կարեւորագույն արժեքներից է, եւ մենք շատ ուրախ ենք կանաչ տեխնոլոգիաների միջոցով մարդկանց կյանքը բարելավել։ Ucom-ն իր պարտքն է համարում մեր համաքաղաքացիների կյանքի որակը լավացնել ոչ միայն բարձր որակի ծառայություններ մատուցելով, այլեւ այսպիսի արդյունավետ եւ օգտակար համագործակցությունների շնորհիվ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Սա արդեն չորրորդ համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն է, որ իրականացրել ենք Ucom-ի աջակցությամբ։ Մեզ համար չափազանց կարեւոր է, որ իրականացված աշխատանքը ունենա երկարատեւ ու կայուն ազդեցություն համայնքի համար եւ Վանեւանում իրականացված ծրագիրը դրա վկայությունն է», - նշել է «Արեւորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:

Նույն ծրագրի շրջանակում արեւային կայաններ են տեղադրվել Գողթանիկ, Աղավնաձոր եւ Ռինդ գյուղերում։